Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն այսօր՝ մարտի 18-ին ստորագրեցին մի համաձայնագիր, որով նախատեսվում է սերտ համագործակցության միջոցով խթանել Հայատանում ֆրանսերենի նկատմամբ հետաքրքրությունը, ապահովել ֆրանսերենի դասավանդման որակյալ մակարդակ։
ԿԳ նախարար Աշոտյանը ուրախություն հայտնեց համաձայնագրի ստորագրման առնչությամբ ՝ հավելելով, որ հայաստանյան շատ դպրոցներում ֆրանսերենը մինչ այժմ էլ բավական տարածված օտար լեզու է եղել, սակայն այսուհետ դրա ուսուցման վրա ավելի մեծ ուշադրություն կդարձվի։
«Այս համաձայանագիրն անկասկած կկամրջի երկու երկրների երիտասարդ սերունդներին։ Սա ապագային միտված ծրագիր է, եւ ես համոզված եմ, որ նախագծի արդյունքներն իրենց երկար սպասեցնել չեն տա»,- հույս հայտնեց նախարար Աշոտյանը։
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն իր հերթին ավելացրեց, որ Հայաստանի միջնակարգ դպրոցներում ֆրանսերեն լեզվի խորացված ուսուցման գործընթացը նոր թափ կհաղորդի այդ լեզվի՝ Հայաստանում տարածմանը։ «Սա հայ-ֆրանսիական համագործակցության հիանալի հեռանկար է։ Մանավանդ, որ հայ աշակերտները մեծ խանդավառությամբ են ընդունել համատեղ այս ծրագիրը»:
Վերջում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ ծրագրին կարող են անդամակցել հանրապետության բոլոր այն դպրոցները, որոնք ցանկություն կունենա իրենց սաներին խորացված ֆրանսերեն ուսուցանել։




























