Ընդդիմության ղեկավարությունը պետք է խոհեմ լինի այն աստիճան, որ թույլ չտա, որպեսզի հասարակությունը փոփոխությունների հասնի ջարդել-փշրելու ճանապարհով: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մարտի 18-ին հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը` պատասխանելով հարցին, թե ՀԱԿ-ը մշտապես բորբոքում է հասարակությանը, վճռականության կոչ անում, սակայն երբ հերթը հասնում է գործողություններին, մարդկանց տուն է ուղարկում:
Ըստ Արզումանյանի` ժողովուրդը ցանկանում է արագ հասնել փոփոխությունների եւ օր առաջ պրծնել այս իշխանություններից, սակայն դա չպետք է տեղի ունենա բռնությունների եւ հակասահմանադրական ճանապարհով:
Իսկ մի՞թե Լեւոն Տեր-Պետրոսյանը չխաբեց Ազատության հրապարակում հավաքվածներին` նրանց տուն ուղարկելով, հարցին էլ արձագանքեց. «Կարելի է ժողովրդի մեկ հատվածին մի քանի անգամ խաբել, բայց ողջ ժողովրդին մշտապես խաբել անհնար է։ Չի ծնվել նման մարդ որեւէ երկրում, եւ համարում եմ, որ Հայաստանում էլ չի ծնվել»,-արձագանքեց Արզումանյանը:
Նա նաեւ անդրադարձավ երեկ քաղբանտարկյալներից երկուսին ազատ արձակելու փաստին, եւ նշեց, որ դա պատահականություն չէ եւ պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանում են ՀՀ հարցով համազեկուցողները: ԱԳ նախկին նախարարը հույս հայտնեց, որ մինչեւ ապրիլի 8-ը` ՀԱԿ հաջորդ հանրահավաքը, Հայաստանում ոչ մի քաղբանտարկյալ չի լինի:





























