Շուրջ 50 երիտասարդներ փետրվարի 18-ից մարտի 18-ը մասնակցել են «ԱՐՏԱԳԵՐՍ» 2-րդ երեկոյան միջառարկայական դպրոցին, որը կազմակերպվել էր «Պրոսպեկտուս» տարածաշրջանային եւ քաղաքական հետազոտությունների կենտրոնի կողմից:

Դասընթացը վերնագրված էր «Հայկական քաղաքակրթություն. անցյալը, ներկան ու հեռանկարները»  եւ ներառում էր  հումանիտար ոլորտի առաջատար մասնագետների մասնակցությամբ դասախոսություններ Հայոց պատմության, Հայոց լեզվի, Հայ առաքելական եկեղեցու, Հայոց ռազմարվեստի, հայ մշակույթի եւ հայոց ազգային ինքնության մասը կազմող այլ կարեւորագույն բնութագրիչների մասին։

Մարտի 18-ին, ժամը 20:00-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի երիտասարդական կենտրոնում (Աբովյան 50/5 հասցեում /ԵՊՀ Պատմ. ֆակուլտետի մասնաշենքի ու Բժշկ. համալսարանի միջեւ/), տեղի կունենա «ԱՐՏԱԳԵՐՍ» 2-րդ երեկոյան միջառարկայական դպրոցի վկայականների հանձման եւ փակման հանդիսավոր արարողությունը:

Նշենք, որ «ԱՐՏԱԳԵՐՍ» միջառարկայական (միջդիսցիպլինար) երեկոյան դպրոցների շարքը մեկնարկել է 2009թ.-ից եւ կոչված է համակողմանի քննության առնելու հայկական ինքնության հիմքերին ուղղված մարտահրավերներին համարժեք դիմակայելու ներկայիս հրամայականը:

Դպրոցների շարքը կազմակերպվել է Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի օժանդակությամբ: