Ճապոնիայում երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքով զոհերի թիվը հասել է 7348-ի, մարտի 19-ին հաղորդել է «Ֆրանսպրես» գործակալությունը` վկայակոչելով ազգային ոստիկանական վարչության տվյալները:
Այսօրվա դրությամբ, արդեն 3 հազար մարմին ճանաչվել է, նրանցից 1550-ը հանձնվել է հարազատներին:
Ճապոնիայում մարտի 11-ին 8,9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժն ու դրան հաջորդած ցունամին ավերածություններ էին առաջացրել Հոնսյու կղզու Իվատե, Միյագի եւ Ֆուկուսիմա նահանգներում, որտեղ տասնյակ հազարավոր տներ ավերվել են, մոտ կես միլիոն մարդ անօթեւան է մնացել:
Ֆուկուսիմա նահանգում վթարվել էր ատոմակայանը, որի հետեւանքներն առայժմ չեզոքացնել չի հաջողվում: Ներկայումս փորձ է արվում վերականգնել սառեցման վնասված համակարգը:





























