Մարտի 11 –ի ավերիչ երկրաշարժից տուժած «Ֆուկուսիմա 1» վթարային ատոմակայանը, ամենայն հավանականությամբ, կփակվի: Այս մասին կիրակի հայտարարել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յուկիո Էդանոն:
«Դա պարզ է դառնում առարկայորեն ուսումնասիրելով տվյալ իրավիճակը», - ասել է Էդանոն` պատասխանելով լրագրողների հարցերին, թե արդյոք կառավարությունը ծրագրում է դադարեցնել ատոմակայնաի շահագործումը:
Մարտի 11-ին Հոնսյու կղզու հյուսիս-արեւելյան ափին տեղի էր ունեցել հզորագույն`9,0 մագնիտուդով երկրաշարժ: Ստորերկրյա ցնցումները ցունամի էին առաջացրել, որը հանգեցրել էր մասշտաբային ավերածությունների: Երկրաշարժից հետո «Ֆուկուսիմա 1» ատոմակայանի էներգաբլոկներում մի քանի պայթյուն եւ հրդեհ էր տեղի ունեցել` հանգեցնելով լուրջ վնասվածքների: Ատոմակայաններից 20 կմ շառավղով բանակչությունը տարհանվել էր, արգելվել էին նաեւ կայանից 30 կմ շառավղով թռիչքները:





























