Թուրքիայի արեւելյան Վան քաղաք է այցելել այդ երկրի առեւտրի եւ արդյունաբերության նախարար Նիհատ Էրգյունը, ով անդրադարձել է նաեւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։
Առեւտրի եւ արդյունաբերության նախարարը հայտարարել է, որ Թուրքիան հարեւանների հետ արդեն 7 տարի վարում է «զրո խնդիր» քաղաքականությունը եւ այսօր ստանում է դրա արդյունքները։ Նա հիշեցրել է, որ 10 տարի առաջ Սիրիայի հետ կիսապատերազմական վիճակում էին, իսկ հիմա երկու երկրների միջեւ գործում է ոչ վիզային ռեժիմ։ «Այսօր Հայաստանի հետ շարունակվող մեր աշխատանքները նույնպես այդ քաղաքականության արդյունք են։ Մենք ցանկանում ենք, որ Թուրքիա-Հայաստան եւ Հայաստան-Ադրբեջան խնդիրները լուծվեն»,-ասել է Նիհատ Էրգյունը։
Թուրքիայի Առեւտրի եւ արդյունաբերության նախարարը նաեւ ասել է, որ Թուրքիա-Իրան սահմանին ստեղծվելու է ազատ տնտեսական գոտի, որին նախատեսվում է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի մասնակցությունը։ «Այն նման կլինի ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի միջեւ գոյություն ունեցող ազատ տնտեսական գոտու մոդելին։ Նոր ստեղծվող ազատ տնտեսական գոտին կդառնա Միջին Արեւելքի կարեւոր տնտեսական բազան»,-նշել է թուրք նախարարը։




























