Ս.թ. հունիսի 27-ին ՌԴ Պետական Դումայում տեղի ունեցավ «Միջազգային համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների եւ տարածաշրջանների միջեւ» թեմայով միջազգային կոնֆերանս, որը կազմակերպել էր ՌԴ Պետական Դումայի Եվրասիական ինտեգրման եւ ԱՊՀ հարցերով մշտական կոմիտեն:
Կոնֆերանսին մասնակցում էր եւ ելույթ ունեցավ ՀՀ ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը:
Կոնֆերանսին ելույթ ունեցավ նաեւ ՌԴ Պետական Դումայի փոխնախագահ, «Единая Россия» իշխող խմբակցության ղեկավար Սերգեյ Նեվերովը:
Իր ելույթում Միքայել Մելքումյանն ընդգծեց ժամանակակից աշխարհում տարածաշրջանների համաչափ զարգացման կարեւորությունը, ինչը կնպաստի մանր եւ միջին բիզնեսի, շինարարության եւ արդյունաբերության զարգացմանը, նաեւ՝ դրան զուգահեռ սոցիալական ենթակառուցվածքների ձեւավորմանը: Նա կարեւորեց ներդրումների համար նպաստավոր կլիմայի ստեղծումն ու բարձրակարգ կառավարումը:
Տարբեր երկրների, այդ թվում նաեւ՝ ԵԱՏՄ անդամ երկրների համայնքների միջեւ համակարգային համապատասխանեցումն ու ներդաշնակեցումը, ըստ Մ. Մելքումյանի, կնպաստեն, որպեսզի բիզնեսը եւ սոցիալական կառուցվածքներն առավել արդյունավետ ծառայեն քաղաքացիներին:
Այդ գործընթացների թվայնացումը հաջորդ կարեւոր քայլը պետք է լինի եւ համապատասխան տեմպ կապահովի ապրանքների, ծառայությունների, կապիտալի շրջանառության, միգրացիայի, օրենսդրական միջավայրի եւ վարչարարության առումով:
Համայնքային համակարգերի միասնականացումը միգրացիոն աշխատանքի հետ կապված շատ խնդիրներ կարող է լուծել:
Մ. Մելքումյանը բարձրաձայնեց մինչ այսօր դեռեւս լուծում չստացած վարորդական իրավունքի խնդրի մասին, ինչը զգալի դժվարություններ է ստեղծում արտերկրում բնակվող եւ աշխատող մեր հայրենակիցների համար:
Մ. Մելքումյանն առանձնապես կարեւորեց ԵԱՏՄ խորհրդարանական վեհաժողով ստեղծելու իր առաջարկը, որն առաջին անգամ հրապարակավ հնչեցրել է հունիսի 10-ին ՀՀ ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած «ՀՀ նախագահության տարին ԵԱՏՄ-ում. մարտահրավերներ եւ հնարավորություններ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ:





























