Դատապարտում ենք Արցախի մարզում իրականացվող խոսքի ազատության դեմ արշավը: Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա ծռեր» կուսակցությունը՝ անդրադառնալով Արցախի  Arcakh24.info գլխավոր խմբագիր, ՄՄՀ ավագ դասախոս Մարատ Եգանյանի եւ նրա կնոջ` ՄՄՀ ավագ դասախոս, Տնտեսագիտության, կառավարման եւ ԻՏ ֆակուլտետի դեկան Վիկտորյա Առստամյանի նկատմամբ հետապնդումներին:

Հայտարարությունում ասվում է.

«Սույն թվականի մայիսին Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում հերթական անգամ հյուրընկալվել էին ռուսական ռեգնում գործակալության ներկայացուցիչներ Մոդեստ Կոլերովը եւ Ստանիսլավ Տարասովը։ Ռուսական կայսերական ծրագրերի այս տխրահռչակ գործակալները վայելում են Արցախի իշխանությունների եւ նրանց մերձավորների աննախադեպ սերն ու հյուրընկալությունը։

Մասնավորապես քրեաօլիգարխիայի վառ ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանի բարեկամուհի Դոնարա Գաբրիելյանը, ով Մեսրոպ Մաշտոց համալսարանի ռեկտորն է ոչինչ չէր խնայում «թանկ» հյուրերին ականջահաճո շռայլությունների համար եւ համոզված պնդում էր, թե Արցախը չի կարող Հայաստանի մաս դառնալ, քանի որ առավել «ժողովրդավար է, քան Հայաստանը»։

Արցախյան վերնախավը Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ նման ոտնձգությունների համար ժամ առաջ պետք է հեռացներ նման անձին հանրային հասարակական որեւե գործառույթ իրականացնելուց, առավել եւս երիտասարդ սերնդի հետ աշխատելուց, բայց արի ու տես, որ վերոնշյալ իրադարձություններից հետո իշխանությունների թիրախում են հայտնվել այս հանրային միջոցառումը տեսագրած եւ համացանց տեղադրած Arcakh24.info լրատվական կայքի գլխավոր խմբագիր, ՄՄՀ ավագ դասախոս Մարատ Եգանյանը եւ նրա կինը` ՄՄՀ ավագ դսախոս, Տնտեսագիտության, կառավարման եւ ԻՏ ֆակուլտետի դեկան Վիկտորյա Առստամյանը։

Նրանց հայտնել են, որ այս տարվա սեպտեմբերի 1-ից իրենք ազատված են համալսարանում զբաղեցրած պաշտոններից։ Ուշագրավ է այն փաստը, որ համացանցում աղմուկ բարձրացրած տեսանյութի քննարկման ժամանակ ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը սպառնալիքներ է հնչեցրել Մարատ Եգանյանի հասցեին, խոսք տալով զբաղվել նրանով։

«Սասնա Ծռեր» արցախյան կուսակցությունը դատապարտում է Արցախի մարզում իրականացվող խոսքի ազատության դեմ արշավը։ Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության իշխանություններին միջոցներ ձեռնարկել եւ հեռացնել ՀՀ տարածքային ամբողջականության դեմ կոչեր անող ռեկտորին եւ վերականգնել երիտասարդ դասախոսների ոտնահարված իրավունքները։ Ազատ խոսքի դեմ արշավը պետք է անհապաղ կասեցվի, իսկ երեւանյան նախորդ ռեժիմի մնացորդներին պետք է զրկել բռնության եւ վարչական բոլոր լծակներից, առաջիկա քաղաքական փոփոխությունների հնարավորինս անցնցում իրականացման համար։