Մի քանի օր առաջ «Իմ քայլի» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն ԱԺ-ում մի քանի խոսքով նշեց, թե ինչպես ենք պատկերացնում վեթինգի իրականացումը: Այս մասին այսօր՝ հունիսի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Այո, մտադիր էինք, առանձին վեթինգի մասին օրենք ունենալ, բայց այս պահին գերադասել ենք վեթինգի գործընթացն իրականացնել այլ գործիքակազմով, որը, բնականաբար, ենթադրելու է որոշակի օրենսդրական նախագծերի ընդունում, որպեսզի դա հնարավոր լինի իրականացնել, մասնավորապես ԲԴԽ-ի կողմից, հակակոռուպցիոն մարմնի կողմից: Այս պահին որեւէ քննարկում չկա, որ դա կլինի առանձին նախագիծ»,-ասաց Մակունցը:

Անդրադառնալով արդարադատության նախարարի հայտարարությանը, որ առանց դատավճռի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի նախագիծն արդեն պատրաստ է եւ ուղարկվել է միջազգային փորձաքննության, Մակունցն ասաց, որ ինքն անձամբ ծանոթ չէ նախագծին. «Չգիտեմ, արդյոք պետաիրավական հանձնաժողովը ծանոթ է փաստաթղթին, թե ոչ»:

Հարցին, թե ի՞նչ մասնագետներով են փոխարինվելու այն դատավորները, որոնք վեթինգի արդյունքում դուրս մնան համակարգից, Մակունցը պատասխանեց, որ դեռ վաղ է այդ մասին խոսել:

«Նախաձեռնությունների ժամկետների մասին ոչինչ չեմ կարող ասել: Ամեն ինչ կանենք, որ հնարավորինս սեղմ ժամկետներում լինի: Գործիքակազմի փոփոխությունը պայմանավորված է նաեւ նրանով, որ այն ճանապարհը, որը ենթադրում էր վեթինգի մասին առանձին օրենքի նախագիծ ունենալ, բավականին երկարաժամկետ էր, ենթադրում էր առանձին մարմնի ստեղծում, սահմանադրական փոփոխությունների հանրաքվե»,-ասաց խմբակցության ղեկավարը:

Նա նաեւ հավելեց, որ մոտ ժամանակներս թե արդարադատության նախարարությունը, թե ԱԺ պետաիրավական հանձնաժողովը համատեղ ասուլիսով հանդես կգան եւ մանրամասն ու համապարփակ կներկայացնեն մեխանիզմները: