Ռուսաստանի հայերի միության նախագահ  Արա Աբրահամյանը «Վլաստ» հանդեսին տված հարցազրույցում հայտարարել է, թե անհրաժեշտ է ստուգումներ անցկացնել Հայկական ատոմակայանը` Ճապոնիայում տեղի ունեցած վթարի ֆոնին:

Նրա խոսքով, անհրաժեշտության դեպքում Հայաստանի ատոմակայանը պետք է փակել: Հարցին` վախենո՞ւմ է արդյոք խաղաղ ատոմից, Աբրահամյանը պատասխանել է. «Մեկ ամիս առաջ կասեի, թե չեմ վախենում, բայց հիմա մտահոգիչ է: Ես դեմ չեմ ատոմային էներգիային, բայց աշխարհը զարգացել է` հաշվի չառնելով բնության կատակլիզմները: Պետք է վերանայել պաշտպանության չափորոշիչները` հաշվի առնելով անգամ մետեորիտների անկումը: Ատոմակայանը սեյսմավտանգ Հայաստանում կառուցվել է խորհրդային ստանդարտներով, առանց «տանիքի», ինչպես Չեռնոբիլը: Պաշտպանության մակարդակը ցածր է ճապոնական ԱԷԿ-ից, չեմ կարծում, թե կդիմանա 8 բալին»,- ասել է Աբրահամյանը:

Հայաստանի ատոմակայանը տեղակայված է Մեծամոր քաղաքի մոտ` Երեւանից 30 կմ հեռավորության վրա: ԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 1980թ., եւ կանգնեցվել էր 1989թ. Սպիտակի երկրաշարժից հետո: Կրկնակի վերագործարկվել է 1995թ.: Փորձագետների հաշվարկներով, այն կարող է գործել մինչեւ 2016թ.: Հայաստանի իշխանությունները պատրաստվում են նոր ատոմակայան կառուցել;