Նվազագույն աշխատավարձի շեմի բարձրացումը` 55 000 դրամից 68 000 դրամ դարձնելը  համարձակ քայլ է: Այս մասին, այսօր՝ հունիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Նրա խոսքով, հաշվի առնելով այն հարկային բեռը, որ կարող էր դրա արդյունքում ունենալ մեր բյուջեն, փորձում էին այդ քայլը հետաձգել. «Բայց հաշվի առնելով այն, որ ստվերից որոշակի ներգրավված միջոցները թույլ են տալիս մի քիչ ավելի համարձակ աշխատել, սա կարծում եմ կարեւորագույն մեսիջ էր, որը դրական կազդի հասարակության դրամական միջոցների վրա»,-ասաց նա:

Բագրատյանը նկատեց, որ լավ օրենքները հաճախ վատ կիրարկման արդյունքում ոչ արդյունավետ են դառնում. «Մենք պետք է ուշադիր հետեւենք եւ ենթաօրենսդրական ակտերով լրացնենք օրենքի այն բացերը, որոնք հնարավոր է մինչեւ տարեվերջ տեսանելի լինեն: Այսինքն միարժեք ասել, որ որեւէ հարկային փոփոխություն միարժեք հաջողություն է բերելու, դա սխալ մոտեցում է, պետք է պիլոատային ժամանակշրջան լինի, փոփոխությունը քննություն բռնի: Շատ երկրներում օրենքները մոտ մեկ տարի փորձաշրջան են անցնում»,-ասաց Բագրատյանը՝ հավելելով, որ մեզ մոտ նույնպես դա պետք է կիրառել, պետք չի միանգամից օրենքի տեսք տալ, պետք է փորձաշրջանով ստուգել արդյունավետությունը, նոր օրենքն ընդունել: