«Արմավիա» ընկերությունն այս տարի մեծացնում է իր թռիչքների աշխարհագրությունն եւ արդեն ամռանը պլանավորում է չվերթներ իրականացնել մի շարք ուղղություներով` մասնավորապես Մյունխեն, Չինաստան, Բարսելոնա, Մադրիդ, հնարավոր է` նաեւ Բանգկոկ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Արմավիայի» սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը: «Տարին ճգնաժամային է, մի շարք հարցեր են ի հայտ գալիս, սակայն մենք հուսով ենք, որ կկարողանանք նոր ինքնաթիռներ ձեռք բերել, նոր չվերթեր իրականացնել` «Արմենիա Միջազգային օդանավակայաններ»-ի հետ համատեղ ջանքերով»,-հույս հայտնեց Բաղդասարովը:
«Արմավիա» ազգային ավիափոխադրող ընկերությունը ծրագրում է նաեւ բացել դեպի Լոս-Անջելես ուղիղ չվերթ, ինչի համար ընկերությունը նախատեսում է գնել «Էյրբաս 380» ինքնաթիռ: Ընկերությունը շարունակում է համագործակցության պայմանագրեր կնքել նաեւ այլ բարձրակարգ ավիաընկերությունների հետ:
«Արմենիա Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն իր հերթին նշեց, որ իրենք աջակցելու են «Արմավիային»` որոշակի ուղղություներով չվերթներ իրականացնելու համար, իսկ նոր ուղղությունների համար մեծ զեղչեր են տրամադրվելու` փորձելով զարգացնել երկրում ավիացիոն բիզնեսը:





























