Այսօր՝ մարտի  21-ը, անտառների պաշտպանության միջազգային օրն է, որի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել «Թեղեւտի պաշտպանության խումբը»:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Վերջին 20 տարիների ընթացքում երկրի անտառածածկ տարածքը մոտ 12%-ից դարձել է 6-7%: Այն  շարունակում է օր-օրի նվազել անօրինական ծառահատումների ու ոչ պատշաճ կառավարման ու վերահսկողության հետեւանքով: Հազարավոր հեկտարների հասնող անտառներ հողօգտագործման փաստաթղթերում ներկայացվում են այլ կարգավիճակներով եւ օգտագործվում այլ նպատակներով: Նման գործընթացների արդյունքում խախտվում են երկրի օրենքները եւ միջազգային պարտավորությունները:

Հայաստանի կառավարությունը տնտեսության զարգացման գերակա ոլորտ է հռչակել հանքարդյունաբերությունը` առանց վերլուծելու դրա հետեւանքները երկրի կայուն զարգացման ու մրցունակության համատեքստում եւ առանց ապահովելու համապատասխան բնապահպանական օրենսդրական դաշտ: Համաշխարհային բանկի խորհրդատվությամբ մշակված ընդերքի նոր օրենսգրքի նախագիծը ստեղծել է էլ ավելի բարենպաստ պայմաններ հանքարդյունաբերության զարգացման համար` առանց սահմանափակելու անտառներում ու բնության հատուկ պահպանվող տարածքներում ընդերքօգտագործումը եւ առանց ապահովելու «աղտոտողը վճարում է» սկզբունքի կիրառումը:

Հանքարդյունաբերության ծավալումը մեր երկրում հաճախ ընթանում է անտառների հաշվին: Այս գործելաոճը սկսվել է Թեղուտի անտառի անխնա ոչնչացումից եւ ներկայումս շարունակվում է` ներառելով Կապանի ու Հրազդանի տարածքները: Միայն 2007-2010թթ. Հայաստանի ավելի քան 1600հա անտառային հողերի նպատակային նշանակությունը փոփոխվել է եւ տարածքը հատկացվել է այլ նպատակների համար: Փոխարենը անտառային ֆոնդին ավելացվել է մոտ 40հա: Համեմատության համար նշենք, որ նույն ժամանակահատվածում ընդերքօգտագործման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կատարվել է ավելի քան 3100հա հողահատկացում:

Անտառների ոչնչացման արդյունքում մեր երկիրը կարող է վերածվել միլիոնավոր տոննա թունավոր թափոններ պարունակող պոչամբարներով ու գյուղատնտեսության համար անպիտան դարձած հողերով լի, չորացած ջրային աղբյուրներով ու կենդանական ու բուսական աշխարհից զուրկ մի անապատի` ընդամենը մի քանի տասնամյակում հայրենազրկելով երկրի բնակչության մի ստվար զանգված:

Պահանջում ենք Հայաստանի կառավարությունից դադարեցնել մեր երկրի բնության ոչնչացումը, ինչը սպասարկում է մի քանի անհատների ու խմբերի շահերը, եւ ձեռնարկել արմատական քայլեր արգելելու անտառների ոչնչացումը: Ընդամենը 30,000 քառ. կմ տարածք ունեցող երկիրը չի կարող մի կողմից զարկ տալ լայնածավալ հանքարդյունաբերությանը, մյուս կողմից` ապահովել առողջ շրջակա միջավայր, անվտանգ գյուղատնտեսություն ու զբոսաշրջություն»: