Լիբիայի ազգային բանակը՝ մարշալ Խալիֆ Հաֆթարի ղեկավարությամբ հայտարարել է, որ մայրաքաղաք Տրիպոլիի Միթիգա օդանավակայանի երկնքում թուրքական անօդաչու է խփել, ինչը հանգեցրել է օդանավակայանի ավիահաղորդակցության դադարեցմանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մեր կործանիչները գրոհել են թուրքական անօդաչու թռչող սարքի վրա դրա թռիչքի ժամանակ եւ այն ոչնչացրել են Միթիգա օդանավակայանի թռիչքուղու զինվորական մասում»,- նշված է Facebook-ում հրապարակված ԼԱԲ տեղեկատվական ծառայության հաղորդագրության մեջ:
ԼԱԲ-ն պնդում է, որ այս անօդաչուն պատրաստված էր իր դիրքերին հարվածներ հասցնելու համար:
Ավելի վաղ Միթիգա միջազգային օդանավակայանի ղեկավարությունը հայտարարել էր, որ ավիահարվածի պատճառով օդանավակայանում ավիահաղորդակցությունը դադարեցվել է մինչեւ հետագա իրազեկում:
2011 թվականին Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆիի տապալումից եւ սպանությունից հետո Լիբիան, փաստորեն, դադարեց հանդես գալ որպես միասնական պետություն։ Հիմա երկրում երկիշխանություն է։ Արեւելքում ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանի կառավարումն է, արեւմուտքում՝ մայրաքաղաք Տրիպոլիում, կառավարում է ՄԱԿ եւ Եվրամիության աջակցությամբ ձեւավորված եւ Ֆայեզ Սարաջի գլխավորած ազգային համաձայնության կառավարությունը։ Երկրի արեւելյան հատվածի իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ եւ համագործակցում են Լիբիայի ազգային բանակի հետ։





























