ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 8 անձի մարմնական վնասվածք ստանալու հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2019 թվականի հունիսի 28-ին՝ ժամը 23:08-ին եւ 23:10-ին, քաղաքացիներից Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգեր են ստացվել՝ Դավթաշեն 4-րդ փողոցում կռվի եւ կրակոցի ձայներ լսվելու վերաբերյալ:
Նույն օրը՝ ժամը 23:55-ին, ահազանգ է ստացվել նաեւ «Արմենիա» ՀԲԿ-ից այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության է ընդունվել վեց անձ՝ կտրած-ծակած տարբեր վնասվածքներով:
Մեկ այլ ահազանգ էլ ստացվել է 2019 թվականի հունիսի 29-ին՝ ժամը 00:05-ին, «Աստղիկ» ԲԿ-ից այն մասին, որ կտրած-ծակած վերք ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել երկու անձ:
Փաստի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 258-րդ հոդվածի 4-րդ մասով: ՀՀ ՔԿ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի կողմից որոշում է կայացվել՝ քննչական խումբ ձեւավորելու եւ քրեական գործի նախաքննության կատարումը քննչական խմբին հանձնարարելու վերաբերյալ:
Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են վնասվածքներ ստացած թվով 8 անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Երեւան քաղաքի բնակիչներ:
Կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել եւ վերցվել են արնանման հետքեր, ապակու կոտրված կտորներ, հարցաքննվել են մի շարք վկաներ, առգրավվել են դեպքի պահին վնասվածքներ ստացած անձանց հագին եղած հագուստները:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու, միջադեպի մասնակիցների շրջանակը հստակեցնելու, նրանց գործողություններն անհատականացնելու եւ համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
Հանձանարարություններ են տրվել հետաքննության մարմնին:




























