Սույն թվականի հունիսի 24-ից 28-ը Երեւանում տեղի ունեցավ գերբարձր էներգիաների աստղաֆիզիկայի բնագավառի «MAGIC» միջազգային համագործակցության տարեկան գիտաժողովը, որին մասնակցեցին ավելի քան 60 գիտնականներ Գերմանիայից, Իտալիայից, Իսպանիայից, Շվեյցարիայից, Խորվաթիայից, Ճապոնիայից, Հնդկաստանից, Բուլղարիայից: «MAGIC»-ը երկու՝ 17 մետրանոց պատկերային մթնոլորտային չերենկովյան դիտակների համակարգ է՝ տեղադրված Իսպանիայի Լա Պալմա կղզում: Գիտաժողովի ընթացքում ներկայացվեցին «MAGIC» դիտակների համակարգով ստացված նոր արդյունքները, ամփոփվեցին կատարված աշխատանքները, ինչպես նաեւ քննարկվեցին հետազոտությունների հետագա ուղղությունները: Հունիսի 27-ին տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն, որի ժամանակ ներկայացվեցին «MAGIC» եւ նոր սերնդի՝ 23 մետր տրամագծով «LST» դիտակները, նրանց աշխատանքի սկզբունքները, կառուցման ընթացքում կիրառված բարձր տեխնոլոգիական լուծումները, գիտական ծրագրերը եւ ստացված կարեւոր արդյունքները։ Միջոցառման մասնակիցներին ողջունեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
«Անցած տարի Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո պետությունը որդեգրել է գիտության զարգացման միանգամայն նոր քաղաքականություն: Վստահ եմ, որ այս քննարկման արդյունքներն օգտակար են լինելու եւ նոր հրապարակումներ կլինեն, ինչը թույլ կտա ավելի զարգացնել Հայաստանի գիտությունը»,- իր խոսքում, մասնավորապես, ասաց նախարար Արայիկ Հարությունյանը: ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, ողջունելով հյուրերին, նշեց. «Հայաստանում աստղագիտության ոլորտի հետազոտությունները միշտ եղել են բարձր մակարդակի վրա՝ պայմանավորված Վիկտոր Համբարձումյանի մեծ ավանդով: Հայ գիտնականները միշտ ներգրավված են եղել տարբեր միջազգային համագործակցություններում, որի հաջողված օրինակներից մեկն ԻԿՐԱՆԵՏ կենտրոնի մասնակցությունն է «MAGIC» համագործակցության աշխատանքներին: Գիտությունների ազգային ակադեմիան կարեւորում է նման գիտաժողովների անցկացումը Հայաստանում, ինչը կարող է նպաստել նոր համագործակցությունների ստեղծմանը»:
Միջոցառման ընթացքում ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Գերմանիայի Մաքս-Պլանկի Ֆիզիկայի ինստիտուտի MAGIC խմբի ղեկավար Ռազմիկ Միրզոյանը, Շվեյցարիայի ETH Zurich համալսարանի պրոֆեսոր Ադրիան Բիլանդը ներկայացրեցին «MAGIC» դիտակների համակարգը, նրանց միջոցով վերջերս ստացված մի շարք կարեւոր արդյունքներ եւ հայ գիտնականների մասնակցությունը «MAGIC» համագործակցության աշխատանքներին: Բարսելոնայի Բարձր Էներգիաների ֆիզիկայի ինստիտուտի պրոֆեսոր Մանել Մարտինեսը հանդես եկավ ելույթով «LST» (Large Size Telescope) դիտակի եւ «CTA» (Cherenkov Telescope Array) համագործակցության մասին:
Միջոցառումը կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ ԻԿՐԱՆԵՏ կենտրոնը: ԻԿՐԱՆԵՏ-ը միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2003 թվականին: ԻԿՐԱՆԵՏ-ի հիմնադիր անդամ պետություններն են Իտալիան, Հայաստանը, Վատիկանը եւ Բրազիլիան: ԻԿՐԱՆԵՏ-ի համակարգող կենտրոնը գտնվում է Իտալիայի Պեսկարա քաղաքում, իսկ ցանցի կենտրոնները՝ Հռոմում (Իտալիա), Նիցայում (Ֆրանսիա), Ռիո դե ժանեյրոյում (Բրազիլիա) եւ Երեւանում (Հայաստան): ԻԿՐԱՆԵՏ-ի նպատակը ռելյատիվիստական աստղաֆիզիկայի բնագավառում գիտական հետազոտությունների իրականացումն ու հետագա զարգացումն է, ինչպես նաեւ այդ բնագավառի գիտական կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը:




























