Սերժ Սարգսյանի՝ գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչներին օրերս ուղղված քննդատությունն ուշ էր, բայց ոչ ուշացած։ Մարտի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը՝ անդրադառնալով «ՀՀ գյուղատնտեսության զարգացման 2011 թվականի ծրագրերը եւ հիմնախնդիրները» թեմայով ծաղկաձորյան խորհրդաժողովի ժամանակ երկրի ղեկավարի ելույթին։
Նրա խոսքով, «այն սառը ցնցուղը, որը երկրի ղեկավարը մաղեց գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների վրա, դրական հետեւանքներ կունենա»։ «Ինչպես ասում են, լավ է ուշ, քան երբեք: Միայն այն հանգամանքը, որ շատ օլիգարխներ այսօր ձեռք են բերել խոշոր հողակտորներ՝ հույս ունենալով, որ կառավարությունը երբեւէ կբարձրացնի հողի կադաստրային արժեքը եւ իրենք այդ հողերը բարձր գներով կվաճառեն, լուրջ ազդակ է պատասխանատուներին, որպեսզի նրանք ամենայն պատասխանատվությամբ մոտենան հողային օրենսգրքին»,- նկատեց Սաֆարյանը։
Նա նաեւ տեսակետ հայտնեց, որ սահմանային շրջանների գյուղացիական տնտեսություններին ջուրը պետք է տրվի անվճար հիմունքներով, ինչպես, օրինակ, հարեւան Վրաստանում։ «Պետությունը պետք է սուբսիդավորի ջրի մատակարարումը, մենք պետք է գնանք դրան»,- համոզմունք հայտնեց Սաֆարյանը։
Անդրադառնալով գյուղական տնտսությունների կոոպերացիայի թեմային՝ Հայրենական արտադրողների միության նախագահը նկատեց, որ համակարգը փրկություն եւ նհրաժեշտություն է գյուղացիների համար։ «Հողերի կոոպերացիան գյուղացու կօգնի ոտքի կանգնել»,- համոզմունք հայտնեց նա։
Ասուլիսին ներկա Ազգային ժողովի Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար, ՕԵԿ պատգամավոր Խաչիկ Հարությունյանն իր հերթին նկատեց, որ կոոպերացիաների հետ կապված օրենսդրական մի շարք բացեր կան, եւ խնդիրը կարող է կարգավորվել միայն դրանք լուծելու դեպքում։
Նշենք, որ «ՀՀ գյուղատնտեսության զարգացման 2011 թվականի ծրագրերը եւ հիմնախնդիրները» թեմայով խորհրդաժողովին Սերժ Սարգսյանը կոչ էր արել ավելացնել ջանքերը եւ առանձնապես ուշադրություն դարձնել գյուղին եւ գյուղատնտեսական ոլորտին։ «Ցավոք սրտի գյուղը եւ գյուղատնտեսությունն անցած տարի տուժել են՝ մի կողմից բնակլիմայական պայմանների, մյուս կողմից՝ անուշադրության պատճառով»,- ասել էր նա։





























