2021 թվականը պետք է մտնենք առանց «աղետի գոտու շահառու» հասկացության։ Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, լրագրողների հետ զրույցում  նշեց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը։

«Երբ ես եկա, կար արդեն վարչապետի հանձնարականը՝ աղետի գոտում տնակների հաշվարկման, այս գործընթացը բավակկանին ժամանակ խլեց մեզանից»,-նշեց նա։

Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահը շեշտեց ստացել են բավական գումար, որ 2021 թվականին աղետի գոտու շահառուները ապահովվեն բնակարանով․ «Նախ պետք էր պարզել, թե ովքեր են շահառուները: Կար կառավարության որոշում՝ 2008 -2020 թթ․ պետք էր 5936 ընտանիք տեղավորել բնակարաններում: 2008-2017 թթ․ ապահովվել է 4839 ընտանիք, եւ պետական բյուջեից դրա համար ծախսվել է 65 միլիարդ դրամ, 2018 թ. բյուջեից հատկացվել է 460 միլիոն դրամ, եւ ապահովվել է բնակարանով 44 ընտանիք: 2019 թվականի բյուջեով նախատեսված է 560 միլիոն դրամ եւ 60 ընտանիք: Կառավարության նիստից հետո, վարչապետի հանձնարարականով, 2020 թվականին, որպեսզի մնացած 453 ընտանիքն ապոհովվի բնակարանով, մենք ստացել ենք 3 միլիարդ դրամ՝ ամբողջ գումարը: Վերջնականապես այդ հարցը կփակվի:  2021 թվականը պետք է մտնենք առանց «աղետի գոտու շահառու» հասկացության»։

Վերմիշյանն անդրադարձավ նաեւ նրանց, որոնք ունեն բնակարաններ, բայց շարունակում են ապրել տնակներում։ Վերմիշյանի խոսքով՝ այդ տնակները պետք է վերցվեն եւ դառնան շինանյութ։