Ներկայումս Մեծամորի ատոմակայանի աշխատակիցների գրեթե 75 տոկոսը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի շրջանավարտներն են, սակայն վերջին տարիներին կադրային հոսքը դեպի ատոմակայան փոքրացել է:

Դրանով մտահոգված, կառավարությունը մոտ հինգ ամիս առաջ արձանագրային որոշում ընդունեց ատոմային էներգետիկայի բնագավառում մասնագետների պատրաստման գործընթացի խթանման ուղղությամբ։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ հարզացրույցում ասաց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռետոր, Ջերմաէներգետիկայի եւ շրջակա միջավայրի պաշտպանության ամբիոնի վարիչ Ոստանիկ Մարուխյանը։ Նրա խոսքով՝ կառավարության այդ որոշման համաձայն՝ մասնավորապես սեպտեմբերի 1-ից կգործեն բարձրացված կրթաթոշակներ, կավելացվի այդ մասնագիտությունների գծով պետպատվերի տեղերի քանակը, իսկ ուսանողը որոշակի պայմանագրային հարաբերությունների մեջ կմտնի իր ապագա  գործատուի հետ՝ հետագայում երաշխավորված աշխատատեղ ունենալու համար։

«Վերջին տարիների արդյունքը մեզ չի գոհացնում շրջանավարտների այնտեղ աշխատանքի տեղավորման գործընթացը, իսկ այնտեղ բնականաբար սերնդափոխության խնդիր կա։ Հուսով ենք, որ այդ խթանիչ առաջարկները նաեւ որոշակի հոսք կառաջացնեն դեպի այդ մասնագիտություն»,-ասաց Ո. Մարուխյանը։ Նրա խոսքով՝  ատոմակայանի նոր մասնաշենքի համար իրենք պետք է մասնագետներ պատրաստեն ու նաեւ ապահովվեն ատոմակայանի աշխատակիցների սերնդափոխությունը։  

«Նոր կայանի համար, տարեկան կտրվածքով նախատեսվում է տրամադրել 25 բակալավր եւ մինչեւ 12 մագիստրատուրայի  պետպատվերով անվճար տեղեր։Այդ ամենը ուժի մեջ կմտնի սեպտեմբերից»,-ասաց ՀՊՃՀ ռեկտորը։