«Մեր ակցիաները նպատակ են հետապնդում հասարակությանը ներկայացնել հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների մեջ առկա վտանգները»,- այս մասին այսօր «Ազդակ» ակումբում հայտարարեց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։ Նրա խոսքով, այդ երկու արձանագրությունները, ինչպես նաեւ գործընթացը, փաստորեն բավարարում են Թուրքիայի կողմից Հայաստանի առաջ ի սկզբանե դրված բոլոր նախապայմանները, որոնցից մեկը այն է, որ Հայաստանը պետք է հայտարարի Կարսի պայմանագրի վերահաստատման եւ Թուրքիայից տարածքային պահանջ չունենալու մասին։

«Արձանագրություններում ասվում է, որ եւ հայկական, եւ թուրքական կողմը՝ ճանաչում են գոյություն ունեցող սահմանները։ Թուրքիան շատ լավ հասկանում է , որ դրանք իրավական սահմաններ չեն, այդ պատճառով էլ 1991 թվականից մեզնից պահանջում էր, որպեսզի մենք այդ սահմանները ճանաչենք՝ որպես իրավական։ Մինչեւ հիմա Հայաստանի ոչ մի իշխանություն այդ քայլին չի դիմել, բայց այս արձանագրություններով մենք դա անում ենք»,- ասաց նա, հավաստիացնելով, որ սա Հայաստանի կողմից Թուրքիային բավարարելու առաջին նախապայմանն է, իսկ երկրորդը ՝ ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից հետ կանգնելն է:

«Այն ենթահանձնաժողովը, որը պատմական հարթության վրա ժողովուրդների միջեւ վստահության վերականգնման համար պատմական փաստաթղթեր պիտի քննարկի, Թուրքիայի կողմից օգտագործվելու է, որպեսզի խափանի միջազգային ճանաչման գործընթացը՝ կանխելով նրանց միջամտությունը»,- ընդգծեց Կիրո Մանոյանը եւ շարունակեց. «Երրորդ նախապայմանն էլ այն է, որ Արցախի հարցը պետք է կարգավորվի այնպես, ինչպես Ադրբեջանն է ցանկանում, քանի որ Թուրքիայի իշխանությունները հայտարարում են, որ մինչեւ Ղարաբաղի հարցը չկարգավորվի՝ արձանագրությունները չեն ստորագրվի»: