Առաջին անգամ Հայաստանում այսօր՝ մարտի 21-ին տեղի է ունեցել «Վերականգնվող եւ այլընտրանքային էներգիայի աղբյուրներ» (Renewables – Made in Germany) խորագրով ցուցահանդեսը, որը կազմակերպվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (ՀՊՃՀ) եւ Հայաստանում Գերմանիայի դեսպանության համագործակցության շրջանակներում:

Գերմանիայի էներգետիկ գործակալության մշակած այս ցուցադրությունն իր 26 ցուցադրավահանակներում ներկայացնում էր կենսաէներգիայի, քամու, արեւային ու գեոթերմալ էներգիայի ստացման եղանակները, դրանց արդյունավետությունը, կիրառելիությունը եւ եվրոպական երկրներում դրանց տարածվածության աստիճանը:

ՀՊՃՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի խոսքով` նման ցուցահանդեսի մտահղացումը եւ անցկացումը կարեւոր է հատկապես ՀՊՃՀ-ում, քանի որ ԲՈՒՀ-ն,  ի թիվս այլ ճարտարագիտական մասնագիտությունների,  առաքելություն ունի իրականացնելու էներգետիկ ոլորտի համար շատ կարևորագույն մասնագիտությունների մի ամբողջ շարքացանկ:

«Էներգախնայողության եւ էներգաարդյունավետ տեխնոլոգիաների գծով առաջին անգամ հանրապետությունում պատրաստվող մասնագետները լավագույն հնարավորությունն են ստանում ծանոթանալու այն ձեռքբերումներին և հաջողություններին, որոնք գոյություն ունեն միջազգային մակարդակի վրա»,-ասել է ռեկտորը:

Գերմանիայի դեսպանության տնտեսական հարցերի կցորդ Նինո Շրամի խոսքով` ԲՈՒՀ-ի և դեսպանության համար սա կարող է պատեհ առիթ հանդիսանալ հատկապես էներգետիկ ոլորտին առնչվող նոր միջոցառումների մեկնարկի համար` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գերմանիան վերականգնվող էներգակիրների կիրառմամբ համարվում  է առաջատարը ողջ աշխարհում:

Անմիջապես ցուցահանդեսի բացումից հետո ՀՊՃՀ էներգետիկայի ֆակուլտետի երկու դասախոսներ «Վերականգնվող էներգետիկա» առարկայի դասախոսություն անցկացրեցին ցուցահանդեսի վայրում:

Նշենք, որ 2004թ. սկսած արդի տեխնոլոգիաներին նվիրված այս ցուցադրությունը ներկայացվել է աշխարհի ավելի քան 90 երկրների 300 միջոցառումներում: Ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել թե ինչպես կարելի է մարդկության էներգետիկ պահանջները բավարարել վերականգնվող էներգակիրների միջոցով` զերծ մնալով ատոմային էներգիայից:

Նշենք, որ Պոլիտեխնիկի մասնագետներն արդեն երկար ժամանակ է համագործակցում են գերմանացի գործընկերների հետ՝ վերականգնվող էներգիայի ոլորտում: Հայ մասնագետների մասնակցությամբ մշակված սարքավորումները վաղուց եւ հաջողության աշխատում են Գերմանիայում: