Զատկի նախաշեմին ձվերի կտրուկ աճը բացառվում է: Այդ մասին մարտի 21-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ղեկավար Արտակ Շաբոյանը:
«Չեմ կարծում, որ Զատկից առաջ բնակչությունը կրկին կբախվի նման նախադեպի հետ, որը եղավ դեկտեմբերին ձվի շուկայում: Մենք մտադիր ենք ներկայացնել մանրամասներն ու մեխանիզմները, որոնք օգտագործվել են արտադրողների կողմից դիրքի չարաշահումը բացառելու համար»,- հավաստիացրել է Շաբոյանը:
Նրա խոսքով, ամանորից առաջ հայկական շուկայում ձվի գների աննախադեպ աճ արձանագրվեց` 55-60-ից մինչեւ 140 դրամ: Արտադրողները մեկնաբանել էին դա դեֆիցիտով:
ՏՄՊՊՀ-ն վարույթ էր հարուցել, որի արդյունքները ներկայացվելու են մինչեւ Զատկի տոները: Հանձնաժողովը բացահայտել է բոլոր մեխանիզմներն ու իրացման օղակները, որոնք մտադիր է հրապարակայնացնել` ապագայում նման դեպքերից խուսափելու համար:





























