Ստամբուլի կոնվենցիայի վավերացումը կդառնա եւս մեկ առաջընթաց քայլ ընտանեկան բռնության դեմ պայքարում։ Այս մասին հուլիսի 3-ին «Հայաստանում ընտանեկան բռնության կանխման եւ պատժման մասին. Ստամբուլի կոնվենցիայի վավերացման աշխատանքի շարունակությունը» համատեղ ծրագրի մեկնարկի շրջանակում ունեցած ելույթում ասել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում եւ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանը։
Նրա խոսքով՝ այսօր մեկնարկում է ծրագիր, որը դրական արդյունքներ կտա ընտանեկան բռնության եւ ընտանիքում բռնության դեմ պայքարում։
«Ստամբուլի կոնվենցիայի դրույթները հայ հասարակությունում տարբեր բանավեճեր են առաջացնում, եւ հանրային քննարկումները հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների ներգրավմամբ կարող են թույլ տալ դրանց ծանոթանալ լիարժեք։ Եվ արդեն հստակ պատկերացման ու գիտելիքների հիման վրա մենք կարող ենք ասել, որ հայ հասարակայնությունը պատրաստ է համապատասխան փոփոխությունների»,- նշել է նա։
Սեդրակյանն ավելացրել է, որ 2017-ին միասնական օրենքի ընդունումից հետո հասկանալի դարձավ, որ խնդիրները ոչ միայն իրավական հարթությունում են, այլ նաեւ հոգեբանական՝ հասարակության կողմից այս խնդրի ընկալման հարցում։
«Ընտանիքը պետք է զուգորդվի ներդաշնակության հետ, եւ կարեւոր է հասկանալ, որ կնոջ դերի բարձրացումը հասարակությունում, նրա ներգրավումը պետական կառույցներում եւ զինված ուժերում թույլ կա ստեղծել ավելի հանդուրժողական եւ առողջ հասարակություն»,- ամփոփել է ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչը։
Նշենք, որ Երեւանում հուլիսի 3-ին Հայաստանի իշխանությունները եւ Եվրոպայի խորհուրդը տվել են «Հայաստանում ընտանեկան բռնության կանխման եւ պատժման մասին. Ստամբուլի կոնվենցիայի վավերացման աշխատանքի շարունակությունը» համատեղ ծրագրի մեկնարկը։




























