Բնական գազի թեման, որը Հայաստանի համար շատ ակտուալ է, դարձել է խոշոր շահարկումների թեմա, ապատեղեկատվության տարածման միջոցով: Այդ մասին այսօր` մարտի 21-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է «Նորավանք» հիմնադրամի փոխտնօրեն Սեւակ Սարուխանյանը` անդրադառնալով Հայաստանի էներգետիկ խնդիրներին:
«Հիմնական շահարկումը կայանում է նրանում, որ անցած տարվա կեսերից եւ այս տարվա փետրվարին այսպես կոչված մասնագիտական եւ փորձագիտական հետազոտություններ կայացվեցին, որոնք ցույց տվեցին, որ Հայաստանում բնական գազը, պարզվում է, ավելի թանկ է, քան Արեւելյան եւ Արեւմտյան Եվրոպայում: Ցավոք, ես ինքս այդ տեղեկատվությանը, որը չի համապատասխանում իրականությանը, ուշադրություն չդարձրեցի, սակայն, բազմաթիվ լրատվամիջոցներ եւ քաղաքական գործիչներ սկսեցին օգտագործել այդ ոչ մասնագիտական հետազոտությունը, այդ ապատեղակատվությունը, որպեսզի համապատասխան հակառուսական ֆոն ստեղծեն Հայաստանի տեղեկատվական դաշտում: Այդ ֆոնն ուղղված էր հիմնականուն Հայաստան-Ռուսաստան էներգետիկ համագործակցության դեմ»,- նշել է Սարուխանյանը:
Այսպես, ըստ հրապարակված եւ տարածված վերլուծության, Հայաստանում, պարզվում է, որ գազը ավելի թանկ է, քան եվրոպական երկրներից մեծ մասում, մինչդեռ Սարուխանյանը հայտարարեց, թե ստուգել է տվյալները եւ հակառակն է տեսել: «Սա, ինձ թվում է, արդյունք է գազի գնի շահարկման քաղաքական նպատակներով: Այդ շահարկումը բերում է ոչ միայն սոցիալական դժգոհությունների եւ ապատեղակատվության, այլեւ այն բերում է որոշակի տեղեկատվական դաշտի ձեւավորմանը, որն իրականում ուղղված է Հայաստանի Հանարապետության տարածքում էներգետիկ ոլորտի կարեւորագույն գործող կազմակերպության` «ՀայՌուսգազարդ»-ի դեմ: Այս ամենն ուղորդվում է նաեւ նրանով, որ «Ռուսաստանը չի հանդիսանում Հայստանի համար կարեւոր էներգետիկ գործընկեր, քանի թալանում է հայ սպառողին խոշոր գազի գներով»: Այնինչ, հետազոտությունը ցույց է տալիս, որ Հայաստանում գազի գինն ավելի էժան է, քան բոլոր եվրոպական երկրներում»,- ազդարարել է Սեւակ Սարուխանյանը: Նա նշել է, որ տարածաշրջանում միակ ավելի էժան գազը սպառվում է Վրաստանում, այն էլ այն շնորհիվ, որ Վրաստանը 500 հազար խորանարդ մետր բնական գազ է ստանում Ադրբեջանից 63 դոլարով, քանի որ ապահովում է ադրբեջանական գազի արտահանումը դեպի Թուրքիա, այնտեղից էլ դեպի Եվրամիություն:
Փորձագետի խոսքով` գազն ապրանք է, որը ներկրվում է, որը չի արտադրվում եւ չի հանքահանվում Հայաստանում: «Հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերությունները, ռուսական կողմը Հայաստանի համար սահմանել է շատ ցածր սակագին, նման գին Ռուսաստանը չունի ոչ մի պետության հետ: Եվ ֆիզիկական անձանց համար Հայաստանում գինը շատ ցածր է` համեմատելով, իհարկէ, այլ պետությունների հետ: Իսկ այս դեպքում պետք է համեմատվենք, քանի որ դա արտադրանք է, հումք է, որը մենք չենք արտադրում», - նշել է Սարուխանյանը եւ նկատել, որ հակառուսական ֆոնը ստեղծելով, փորձ է արվում խարխլել հայ-ռուսական համագործակցության սյուներից մեկը` էներգետիկ համագործակցությունը:





























