Հայաստանի էներգետիկ համակարգը` լուրջ ճգնաժամ վերապրելուց հետո, այսօր բավականին լուրջ առաջընթաց է արձանագրել: Այդ մասին այսօր` մարտի 21-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է «Նորավանք» հիմնադրամի փոխտնօրեն Սեւակ Սարուխանյանը` անդրադառնալով Հայաստանի էներգետիկ խնդիրներին:

«Հայաստանի համար էներգետիկ անվտանգության խնդիրը ամենակարեւորն է, կապված  նրա հետ, որ ԱՊՀ տարածքում եւ հետխորհրդային տարածքում մենք երեւի թե ամենաառաջին պետությունն ենք, ով ամենալուրջ եւ ամենացավալի էներգետիկ ճգնաժամն ենք ժամանակին ապրել»,- ասել է Սարուխանյանն ու մանրամասնել. «Դա վերաբերում է 1990-ական թվականների սկզբի ճգնաժամին, որը պայմանավորված էր երկու հիմնական հանգամանքներով: Առաջին հանգամանքը դա այն է, որ 80-ականների վերջին, հիմնականում հասարակության ճնշման տակ, փակվել էր Մեծամորի ԱԷԿ-ը եւ Հայաստանի էներգետիկ համակարգը, էլեկտրաէներգիայի արտադրման ամբողջ համակարգը տեղափոխվել էր ջերմաէլեկտրակայանների վրա, որոնք աշխատում էին մազութով եւ բնական գազով, իսկ 90-ականների սկզբին հայ-ադրբեջանական կոնֆլիկտը, Հայաստանի շրջափակումը եւ ապակայունացումը իրադրության Վրաստանում բերեց նրան, որ ջերմաէլեկտրաէներգիան էլ Հայաստանում կոլապս ապրեց, քանի որ մենք բնական գազ չէինք կարողանում ստանալ»:

Ըստ փորձագետի, ներկայումս կարելի է ասել, որ վերջին 15 տարիների ընթացքում բավականին լուրջ առաջընթաց է արձանագրվել այս ուղղությամբ: «Առաջինը` դա ԱԷԿ-ի վերագործարկում է եւ երկրորդը` դա 1997 թվականին հայ-ռուսական ընդհանուր գազային ընկերության` «ՀայՌուսգազարդի» ստեղծումն էր, որը վերջին 14 տարիների ընթացքում կարողացավ վերականգնել Հայաստանի ամբողջությամբ ոչնչացված  գազատրանսպորտային համակարգը եւ ապահովել բնական գազի կայուն ներկրում Հայաստան: Պետք է նշել, որ սրանք երկու հիմնական հենքեր են Հայաստանի էներգետիկ անվտանգության. Դա բնական գազի ներկրումն է եւ ԱԷԿ- գործարկումը», - նշել է փորձագետը: