Գյումրիի Մուշ թաղամասում բնակարանաշինության երկրորդ փուլի աշխատանքները կատարվել են 50 տոկոսով:  Ավարտվել է քարային աշխատանքների հիմնական մասը, իսկ տանիքապատման, դուռ-լուսամուտների տեղադրման եւ շենքերի ներքին ու արտաքին շինարարությունը դեռ առջեւում է:

Նշենք, որ Մուշ թաղամասում կառուցվում են 32 շենք՝ 1750 բնակարանով: Նորակառույցների շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչեւ սեպտեմբեր: «Եթե եղանակային պայմանները չխանգարեն ապա սահմանված ժամկետում շինարարությունը Մուշում կավարտվի»,-  ասում են շինարարության աշխղեկները: Հարցին, թե ինչպիսի՞ երաշխիքներ կան շինարարության որակի վերաբերյալ, շինարարները պատասխանում են, որ հնարավորինն անում են, որ նախորդ տարվա թերությունները չկրկնվեն, բայց նաեւ չեն բացառում, որ մանր-մունր խնդիրներ ի հայտ գան:

NEWS.am-ի հետ զրույցում շինարարները փոխանցեցին, թե որպես նմուշ, մեկ բնակարան են կառուցել, հարդարել ու պատրաստել, որին օրերս իր գնահատականն է տալու երկրի ղեկավարը:

Հիշեցնենք, որ ինչպես նախորդ, այս տարի եւս կրճատվել է Գյումրիում երկրաշարժից անօթեւան մնացած ընտանիքների համար կառուցվող բնակարանների՝ նախապես հայտարարած  թիվը: Ըստ այդմ, 1944-ի փոխարեն կշահագործվի 1750 բնակարան: