Սեւանի խնդիրը Հայաստանի համար պակաս կարեւոր չի, քան ղարաբաղյան հարցը: Հուլիսի 4-ին Սեւանի խնդիրների շուրջ քննարկման շրջանակում այս մասին ասաց «Սեւան» ազգային արգելոցի նախկին գլխավոր ճարտարապետ Գագիկ Սուխուդյանը:
Նրա խոսքով՝ հույս կա, որ այս տարի 170 մլն խորանարդ մետրի փոխարեն Սեւանից բաց կթողնվի 120 մլն խորանարդ մետր ջուր:
«Արդեն հիմա նախատեսված 6 մլն խոր.մետրից բաց է թողնվել 2-3 մլն, եւ սա հուսադրող է: Սակայն բավարար չէ, որ խոսենք ջրի նորմալ մակարդակի վերականգնման մասին: Դրա համար հարկավոր է լուծել Որոտանի համալիրի խնդիրները, որը 165 մլն խոր.մետրի ներուժ ունի, որը, սակայն, չի օգտագործվում»,- նշեց նա:
Փորձագետը հավելեց, որ խնդիրներ է հարուցում ձուկը ցանցերով պահելը, որը ոչ մի կերպ չի ազդում ձկան պոպուլյացիայի մեծացման վրա, եւ սպասարկում է միայն բիզնես շահերը:
«Նաեւ անհրաժեշտ է անցկացնել մանրամասն քննություն այն քրեական գործերով, որոնք արդեն հարուցվել են Սեւանի էկոհամակարգի վերականգնման աշխատանքներում խախտումների վերաբերյալ»,- եզրափակեց Սուխուդյանը:




























