Հնարավոր գործարար համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի եւ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլի ու Բրիտանական «Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի գործարար հետաքրքրությունների խմբի» տնօրեն Նիգել Պետերսի հետ հանդիպման ժամանակ։
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Նիգել Պետերսը քաղաքապետին ներկայացրել է «Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի գործարար հետաքրքրությունների խմբի» գործունեության աշխարհագրությունը եւ ուղղությունները, նշելով, որ խումբը բրիտանական կառավարական շրջանակներին է ներկայացնում Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի երկրներում ներդրումային դաշտի վերլուծական գնահատականն ու հնարավորությունները։
Ներկայացնելով մայրաքաղաքի արդյունավետ կառավարման առաջնահերթությունները, քաղաքապետն առանձնացրել է այն հիմնական ոլորտները, ուր քաղաքապետարանն ակնկալում է գործարար, փոխշահավետ համագործակցություն գործարար ոլորտի ներկայացուցիչների հետ։ «Բիզնես տրամաբանություն ունեցող ոլորտների կառավարումը մասնավոր ընկերություններին տրամադրելը ոչ միայն կարագացնի ոլորտի զարգացումն ու կբարձրացնի արդյունավետությունը, այլեւ հնարավորություն կընձեռի բյուջետային խնայված միջոցներն ուղղել սոցիալական, բնապահպանական, կրթական եւ այլ ոլորտներ»,-ընդգծել է Կարեն Կարապետյանը։ Այս համատեքստում, նա նշել է մի շարք ոլորտներում՝ առողջապահական, կրթական եւ այլն, համատեղ կառավարման մոդելի կիրառման հնարավորությունը։ «Մենք բաց ենք փոխշահավետ, կառուցողական ցանկացած առաջարկություն քննարկելու առումով եւ պատրաստ ենք համապատասխան բիզնես միջավայր ապահովել»,– շեշտել է քաղաքապետը։





























