Չինաստանում հետազոտողներին հաջողվել է հետաքրքիր գտածո հայտնաբերել: Ցզիլին նահանգում հայտնաբերվել են 25 հնագույն դամբարաններ: Ընդ որում՝ կմախքների գանգերի մեծ մասը արհեստական ձեւախախտման էր ենթարկված, հայտնում է Planet Today-ը:
Հետազոտողները նշում են, որ գտնված բոլոր դամբարանները բավականին հին են: Առավել հների տարիքը հասնում է 12 հազար տարվա, իսկ ամենաերիտասարդներինը՝ 5 հազար տարվա: Գտածոն առաջին հերթին հետաքրքիր է նրանով, որ բոլոր 25 մարդկային կմախքները, ավելի կամ պակաս չափով, գանգերի ձեւախախտման նշաններ ունեն:
Սակայն սա ամենեւին չի նշանակում, որ այստեղ բնակվել է մինչ օրս անհայտ ռասա: Նրանք մարդու սովորական նախնիներ են, որոնք դիտավորյալ կատարել են գանգատուփի փոփոխություններ: Այն հեռավոր ժամանակներում առանձին ասիական ցեղերում գոյություն ուներ որոշ մշակութային առանձնահատկություն, որը դրսեւորվում էր գանգատուփի արհեստական փոփոխությամբ:
Որպեսզի գանգը ձեւը փոխի, այն ձիգ կապում էին: Ընդ որում՝ դա տեղի էր ունենում մանկահասակ տարիքում, երբ գանգի ոսկորները բավականին փափուկ են եւ կարող են հեշտությամբ ենթարկվել նման կարգի ձեւախախտումներին:
Դրանից բացի, գիտնականներն առաջ են քաշել տեսություն այն մասին, որ գանգի տարբեր ձեւերը նշանակում էին մարդու առանձին սոցիալական կարգավիճակ: Նրանք նման եզրակացություն են կատարել՝ ուշադիր ուսումնասիրելով բոլոր դամբարանները: Այստեղ թաղված մարդկանց թվում եղել են ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք՝ երեխաների հետ, 3-ից մինչեւ 40 տարեկան:





























