Բրիտանիայում Ռազմավարական երկխոսության ինստիտուտի հետազոտողները հանգել են եզրակացության, որ Քրայսթչերչի հրաձիգի գաղափարախոսությունը վերածվում է միլիոնավոր մարդկանց համար քաղաքական դիսկուրսի, գրում է The Guardian-ը:
Ծայրահեղ աջ ուժերի ներկայացուցիչների ցանցերն ուսումնասիրելու արդյունքում փորձագետները հանգել են եզրակացության, որ վերջին չորս տարիների ընթացքում սոցիալական ցանցերում նրանք առաջ են քաշում «փոխանակման տեսություն» անունով հայտնի մոտեցումը:
Նշվում է, որ միայն Թվիթերում գրանցված է այդ ուժերի ավելի քան 1.5 մլն հետեւորդ, եւ նրանց քանակն աճում է մեծ արագությամբ:
Ըստ Ինստիտուտի փորձագետների՝ այսպես կոչված «փոխանակման տեսությունը» ծագել է Ֆրանսիայում 2014 թվականին եւ դարձել ծայրահեղական ուժերի հիմնական հայեցակարգը, որոնք կենտրոնացել են «պարանոիդալ» համոզմունքի շուրջ, որ սպիտակ ռասան ենթարկվում է ոչնչացման միգրացիայի եւ բռնության միջոցով: Այդ տեսությունը մանրամասնորեն ուսումնասիրվել է այս տարի մարտին Նոր Զելանդիայում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո, երբ Քրայսթչերչի մզկիթներ ներխուժած հրաձիգը սպանել էր 51 մարդու:
Իսկ այժմ փորձագետները համարում են, որ այդ տեսության «հեղինակները» սխալ հղում են կատարում այնպիսի քաղաքական գործիչներին, ինչպիսիք են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, որը հայտարարել էր Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու մասին, եւ Իտալիայի ՆԳ նախարար Մատեո Սալվինին, որը հայտնի է միգրացիոն քաղաքականության մեջ իր կոշտ հայացքներով:





























