Հակակարկտային կայանները ընդամենը մեղմում են, դրանք խնդիրը լրիվ չեն լուծում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 8-ին, ԱԻՆ շարահրապարակում Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտներին ավարտական դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Նրա խոսքով, երբեւէ աշխարհում որեւէ տեղ չի ստեղծվել մի համակարգ, որը պայքարի կարկտի դեմ 100 տոկոսով. «Այն, ինչ մերոնք անում են, մեղմացնող  դեր է կատարում: Բայց կա կարկուտ, որի դեմ պայքարել անհնար է: Դա 4-րդ կարգի կարկտաբեր ամպ է կոչվում, որը բարձրից է թափվում եւ դրա վրա ազդեցություն չենք կարող ունենալ: Այդ դեպքում կարկուտը պետք է գա ու ավերի: Չենք կարող ասել, որ բոլորս պաշտպանված ենք»,-ասաց նա:

Նախարարը տեփղեկացրեց, որ Հայաստանում այս պահին կա գազագեներատորային մոտ 500 կայան եւ 3 հրթիռային կայան. «Գազագեներատորային կայաններ օգտակար են ցածր ամպերի դեպքում: Այսօր աշխատում ենք, որ մեր տեղական արտադրողի միջոցով մեր միջոցը գտնենք, որը կլինի ավելի լավը, քան մինչեւ հիմա եղածները: Այսօր այդ ուղղությամբ աշխատում ենք»: