«Սերժ Սարգսյանը Սփյուռքի հետ հայ-թուրքական արձանագրությունների օրակարգով հանդիպումներ նախաձեռնելով՝ փորձում է քննարկումների տպավորություն ստեղծել, ինչպիսին տեղի ունեցավ Երեւանում, կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ»,- այսօր NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանն ու հավելեց. «Թեեւ այդ հանդիպումից հետո ոչ մի փոփոխություն տեղի չունեցավ հասարակության մեջ, բայց նշվեց է, որ, ահա, նախագահը հանդիպել է ավելի քան 5 տասնյակ կուսակցությունների ղեկավարների հետ, եւ բոլորը կարծես թե համաձայն են նրա հետ: Մոտավորապես նույն խնդիրն են լուծելու նաեւ Սփյուռքի համար»:

Մեր դիտարկմանը, թե՝ բայց չէ՞ որ Սփյուռքում շատ լուրջ ընդվզում կա հայ-թուրքական արձանագրությունների դեմ, արդյո՞ք Սերժ Սարգսյանին կհաջողվի նույնը անել Սփյուռքում, ինչ արեց այստեղ, Լ. Ալավերդյանն արձագանքեց. «Եթե հանկարծ, իրոք վտանգը տեսել են, հնարավոր է, որ այն տեսակետները կամ դիմադրությունը, որը կարտահայտվի Սփյուռքի կողմից, հաշվի կառնեն, որովհետեւ ցավոք սրտի, մեր իշխանությունները մինչ այսօր ավելի պատրաստակամ են ընդունել միջազգային հանրության եւ մասամբ Սփյուռքի կողմից արտահայտած մտքերը, քան մեր ներքին քաղաքական դաշտում գործող ուժերի կարծիքները»:

Ըստ ընդդիմադիր պատգամավորի, այս նախաձեռնությունը կամ իրականացվում է «գալոչկայի» համար, կամ «եթե այն խորքային մտահոգություն է առաջացրել, ապա կարող է քայլերի պատասխանատվությունը գցել ոչ միայն Ազգային ժողովի, այլ նաեւ ողջ հայության վրա»: