Թուրքիան կոչ է արել ԱՄՆ-ին հրաժարվել քայլերից, որոնք կարող են վնաս հասցնել իրենց հարաբերություններին, կապված Անկարայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրների գնման հետ, ասվում է Թուրքիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Համի Աքսոյի հայտարարությունում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Ինչպես նախօրեին ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մորգան Օրթեգուսը, Վաշինգտոնի դիրքորոշումը Անկարայի կողմից Ս-400-ների գնման հարցում չի փոխվել, Թուրքիային սպասվում են բացասական հետեւանքներ, եթե չհրաժարվի գնել դրանք։
«ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի հայտարարությունը չի համապատասխանում Թուրքիայի եւ ԱՄՆ նախագահների բանակցությունների ոգուն ու բովանդակությանը G20 գագաթաժողովի առաջնորդների գագաթաժողովի ընթացքում։ Մենք ամենասկզբից այդ գործընթացը թափանցիկ ենք վարել, առաջարկել ենք ստեղծել աշխատանքային խումբ՝ ԱՄՆ անհանգստությունը ցրելու համար՝ կապված F-35-ի հնարավոր վնասների հետ, բայց մինչեւ հիմա պատասխան չենք ստացել։ Կոչ ենք անում ԱՄՆ-ին խուսափել սխալ քայլերից, որոնք կարող են վնաս հասցնել երկկողմ հարաբերություններին, եթե նրանք շարունակեն անտեսել դիվանագիտությունն ու երկխոսությունը»,- ասվում է Աքսոյի հայտարարությունում։
Ռուսական նորագույն ՀՕՊ համակարգերի՝ Ս-400-ների ձեռքբերումը առաջ է բերել միջազգային սկանդալ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ. Նահանգները պահանջել է հրաժարվել գործարքից եւ փոխարենը գնել ամերիկյան Patriot համակարգեր։ Հրաժարվելու դեպքում Վաշինգտոնը չի բացառել Թուրքիային նորագույն F-35 կործանիչների վաճառքը ձգձգելու կամ առհասարակ չեղարկելու հնարավորությունը, բայց Թուրքիան հրաժարվել է զիջումների գնալ։ Սակայն Օսակայում G20-ի գագաթաժողովից հետո իրավիճակը ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ փոքր-ինչ մեղմվել է, ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլութ Չավուշօղլուն։





























