Ամեն գնով հարստանալու մոլուցքն ու բիզնես շահը կուրացրել եւ խլացրել է մեր իշխանություններին: Հայրենիքին որպես շինհրապարակ վերաբերող մեր քաղաքական էլիտան չի վարանում հասարակության մի մասին գերակա շահի զոհ դարձնել ու եվրոպական դատարանների դռները մղել: Այսօր՝ մարտի 22-ին ԱԺ-ում հայտարարությունների նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:
«Մի մասին պարզապես արտագաղթի ճանապարհն են ցույց տալիս, մյուսների լույսն ու օդը փակում, դիմազրկում մայրաքաղաքն ու կենտրոնից վերացնում մի ամողջ ճարտարապետամշակութային ժառանգություն»,- ասել է նա:
«Ինչպես եւ Ճապոնիան, Երեւանը գտնվում է նույն 100 տոկոսանոց սեյսմիկ գոտում: Սեյսմիկ առումով ամենաանբարենպաստը մայրաքաղաքի Կենտրոնն է, ուր շատ հաճախ կառուցապատումն իրականացվում է սեյսմիկ շինրարության նորմերի խախտումով, առանց երկրաբանական լուրջ հետազոտության, ինչը պատճառ է դառնալու շենքերի փլուզման:
Երկրաբանական քարտեզները 80-ից մինչ այսօր չեն վերանայվել:
Երեւանի բնակֆոնդի 70 տոկոսը սեյսմակայուն չի, իսկ վթարային շենքերն ամրացնելու փոխարեն թույլատրվում է նկուղները քանդել կամ հարկեր ավելացնել: Նույնիսկ 7 բալանոց երկրաշարժի դեպքում մի շարք դպրոցներ եւ 9 հարկանի շենքեր ենթակա են փլուզման»,- ընդգծել է պատգամավորը:
Նրա խոսքով, Քաղաքաշինության նախարարության տեղեկանքի համաձայն` 2004-2007թթ 4801 օբյեկտներում կատարած ստուգումների արդյունքում պարզվել է, որ 1658-ում շինաշխատանքները իրականացվել են առանց որակի տեխնիկական հսկողության, իսկ օբյեկտների 54 տոկոսում էլ որակի տեխհսկողություն են իրականացրել համապատասխան մասնագիտություն չունեցող անձինք:
«Հայտարաությունս ոչ թե ահաբեկելու, այլ ահազանգելու խնդիր ունի: Իրավունք չունենք մատների արանքով նայել ազգային ֆիզիկական անվտանգության խնդրին: Աղետները կրկնվելու հաճախականություն ունեն, իսկ ավերակները թագավորելը` անիմաստ»,- ամփոփել է նա:





























