ԵՄ-ն համերաշխ է Նիկոսիայի հետ Կիպրոսի շելֆում թուրքական հորատման նավի գործողությունների շուրջ իրավիճակի հարցում : Երկուշաբթի Բրյուսելում ԵՄ երկրների ԱԳ նախարարների նիստից առաջ լրագրողներին այս մասին ասել է Գերմանիայի ԱԳն-ում Եվրոպայի հարցերով պետական նախարար Միխաել Ռոտը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Թուրքիայի սադրանքը մեզ բոլորիս համար անընդունելի է: Մենք այստեղ Կիպրոսի կողմից ենք», - ասել է նա:

«Մենք համապատասխան հավասարակշռված մարտավարություն ենք գտել, որը մեզ թույլ է  տալիս բաց պահել բոլոր տարբերակները, բնականաբար, նաեւ պատժամիջոցները», - նշել է Ռոտը:

Նրա խոսքով՝ ԵՄ-ն պետք է պատշաճ ժամանակ քննարկի դա:

 «Ես կարող եմ միայն հույս ունենալ, որ այժմ բազմաթիվ հակամարտություններին եւ ճգնաժամերին չի ավելանա եւս մեկը», - ասել է պետական նախարարը:

«Թուրքիան գիտի, որ վտանգի մեջ է: Կարեւոր է, որպեսզի մենք եւս մեկ անգամ հասկացնենք, որ այդ բոլոր հարցերը պետք է վերջնականապես հստակեցվեն ՄԱԿ հովանու ներքո», -ասել է Ռոտը:

«Մեր նպատակն է ամբողջ Կիպրոսի խաղաղ միավորումը», - ասել է նա:

 

 

Շելֆում եւ Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում գտնվել են բնական գազի մեծ հանքավայրեր: 2011-ին ամերիկյան Noble Energy  ընկերությունը հայտնաբերել էր, մասնավորապես Աֆրոդիտա հանքավայրը, որի պաշարները գնահատվում են մոտ 140 մլրդ խ մ:

Անկարան, որը վիճարկում է Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտու սահմանները, ավելի վաղ շրջան էր ուղարկել Ֆաթիհ նավը՝ հայտարարելով, որ հորատումը կտեւի մինչեւ սեպտեմբերի 3-ը:

Հունիսի 10-ին Կիպրոսի Հանրապետության իշխանությունները թույլատրել էին թուրքական հորատման նավի անձնակազմի անդամների կալանավորումը: Չնայած դրան հուլիսի 4-ին Թուրքիան երկրորդ՝  «Յավուզ»  նավն ուղարկել էր հանքախուզական աշխատանքների անցկացման համար:

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր թուրք կիպրացիների իրավունքները պաշտպանելու երկրի պատրաստակամության մասին, այդ թվում նաեւ զինված ուժերի կիրառմամբ: