Հայաստանը դասեր է քաղել Ճապոնիայի երկրաշարժի հետեւանքով առաջացած իրավիճակից, որ ձեւավորվել է ատոմային էներգետիկայի ոլորտում: Այդ մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նա նշել է, որ ճապոնական ԱԷԿ-ում վթարը տեղի է ունեցել ոչ թե երկրաշարժի, այլ ցունամիի հետեւանքով: «Այդ համատեքստում մենք սկսել ենք ավելի ուշադրություն դարձնել Հայկական ատոմակայանի անվտանգության խնդիրներին»,- նշել է վարչապետը:

Նա նշել է, որ Հայկական ԱԷԿ-ի նոր էներգաբլոկը կառուցվելու է` հաշվի առնելով բոլոր ռիսկերը: «Նոր էներգաբլոկը պաշտպանության բարձր մակարդակ է ունենալու, քանի որ երրորդ սերնդի էներգաբլոկ է»,- հավաստիացրել է Սարգսյանը:

Նա նշել է, որ Ճապոնիայի երկրաշարժից հետո Հայաստանը դիմել է միջազգաին կառույցներին եւ հայտնել, որ պատրաստ է օգնություն ցուցաբերել: «Եթե համապատասխան առաջարկ լինի, մենք Ճապոնիա կուղարկենք մեր փրկարարներին»,- ասել է վարչապետը եւ նշել, որ արդեն պատրաստ են Ճապոնիա խմելու ջուր ուղարկել: