Ադրբեջանն, իր սովորության համաձայն, փորձում է սեփական զինուժում` միջանձնային ոչ կանոնադրական փոխհարաբերությունների հիմքի վրա տեղի ունեցող մահվան ելքով յուրաքանչյուր միջադեպ, այդ թվում նաեւ մարտի 21-ի եւ 23-ի դեպքերը, վերագրել ղարաբաղյան կողմին: Այս մասին այսօր՝ մարտի 24-ին հայտարարել է ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը:

Նրա խոսքով, դրանով Ադրբեջանը 2 նպատակ է հետապնդում. «Նախ`  սեփական ժողովրդից թաքցնել իր բարոյալքված բանակում տիրող իրական վիճակը եւ, երկրորդ` միջազգային հանրության տեսադաշտում Պաշտպանության բանակը ներկայացնել նախահարձակի դերում:

Մինչդեռ, եթե պաշտոնական Բաքուն իրականում մտահոգված է իր դիրքապահ զինվորների ճակատագրով եւ այստեղ տեղի ունեցող յուրաքանչոյր մահվան դեպք շտապում է ներկայացնել որպես հրադադարի խախտման հետեւանք, ապա հարց է ծագում` ինչու ադրբեջանական կողմը ոչ միայն հրաժարվում է կատարել առաջնային գծից դիպուկահարների դուրս բերման մասին միջազգային համապատասխան կառույցների կողմից արվող առաջարկությունը, այլեւ պարբերաբար խախտում է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից շփման գծում նախատեսվող դիտարկումների անցկացման պայմանավորվածությունը:

Բոլորի համար ակնհայտ է նաեւ, որ ի տարբերություն Ադրբեջանի, հայակակն կողմերը, որպես բարի կամքի դրսեւորում, ոչ միայն իրենց պատրաստակամությունն են հայտնել եւ հայտնում վերոնշյալ գործընթացները կյանքի կոչելու համար, այլեւ այսօր էլ շարունակում են ձեռնպահ մնալ շփման գծում լարվածությունն ուժեղացնելու ցանկացած փորձից:

Այս ամենից հետո մնում է եզրակացնել, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հաստատված լարվածությունը Ադրբեջանի կողմից պարբերաբար եւ հետեւողականորեն իրականացվող ապակառուցողական քաղաքականության արդյունք է: Հանգամանք, որն առաջին հերթին պետք է մտահոգի հենց Ադրբեջանի հասարակությանը»,- ասել է Հասրաթյանը:

«ԼՂՀ զինված ուժերը` ինչպես նախորդ բոլոր շրջաններում, այնպես էլ Սոչիի եռակողմ հանդիպումից հետո շարունակում են հարգել հակամարտ կողմերի միջեւ փոխադարձ վստահության ամրապնդման շուրջ մարտի 5-ին ձեռքբերված պայմանավորվածությունը», - հավելել է նա:  

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն մարտի 23-ին հայտարարել էր, որ վերջին 2 օրվա ընթացքում երկու ադրբեջանցի զինվոր է սպանվել, այնինչ, ղարաբաղյան կողմը դա ապատեղեկատվություն է համարում: