Վրացական «Ասավալի դասավալի» թերթն անդրադարձել է ամերիկացի հայտնի գործարար Դոնալդ Թրամփի եւ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի պայմանավորվածությանը, ըստ որի ամերիկացի գործարարը Բաթումիում պետք է բնակելի համալիր եւ հյուրանոց կառուցի:

«Աշխարհում ոչ մի լուրջ ֆինանսական ինստիտուտ եւ ոչ մի բանկ Վրաստանի կառավարությանը անգամ մեկ ցենտ չի տրամադրում, այդ պատճառով էլ լբոբիստական կազմակերպությունները Սահակաշվիլիին խորհուրդ են տվել վարկ ստանալու համար դիմել հայտնի ամերիկացի գործարար Դոնալդ Թրամփի միջնորդությանը»,- պարբերականին տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ցոտնե Բակուրիան:

Նրա խոսքով, այդպիսի պայմանագրեր Թրամփը հաճախ է կնքում` ամեն մեկ դոլարից ստանալով  25 ցենտ: «Այնպես, որ այն 200 միլիոն դոլարից, որը Վրաստանին կտրամադրի «Սիլքրոուդ» բանկը`երկնաքարերի կառուցման համար, Թրամփը այդտեղից կստանա 50 միլիոն դոլար, առանց որեւէ պատասխանատվություն կրելու»,-հավելել է Ցոտնե Բակուրիան:

Նրա խոսքով, փաստացի դուրս է գալիս այնպես, որ ամերիկացի գործարարը 50 միլիոն դոլար է վերցրել `Սահակաշվիլիին համաշխարհային կուռք անվանելու համար:

Ինչպես ընդգծել է խորհրդարանականը, Սահակաշվիլին ԱՄՆ-ում բնակվում է հյուրանոցի 12 հազար դոլար արժողությամբ համարում, ժամանակը հիմնականում անցկացնում ռեստորաններում, զվարճանում, մի խոսքով հանգստանում; «Ինչպես նշել է Սահակաշվիլիի պատվիրակության աղջիկներից մեկը, ԱՄՆ-ում նրանք հանգստանում են Վրաստանից»,- ամփոփել է պատգամավորը: