Այսօր  Աջարիայի սևծովյան ափին 3-4 բալանոց փոթորիկ է ֆիքսվում, բարձրացվել են  կարմիր դրոշները  եւ լողալն արգելված է, հայտնում է «Նովոստի – Վրաստան» -ը:

Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը բնակչությանը զգուշացնում է փոթորկի մասին եւ Աջարիայի հյուրերին ու բնակիչներին  կոչ անում չմտնել ծով: Լողալ կարելի է միայն այն բանից հետո, երբ կարմիր դրոշները կփոխարինվեն սպիտակներով:

Բացի այդ փրկարարները նաեւ հիշեցնում են, որ լողափին չի կարելի  առանց հսկողության թողնել երեխաներին, ինչպես նաև խիստ վտանգավոր է հարբած կամ խումհարի վիճակում ջուրը մտնելը:

Աջարիայում առատ տեղումներ են եղել, ինչի հետեւանքով արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության փրկարարներն ամբողջ գիշեր աշխատել են արտակարգ ռեժիմով:

Բաթումիի մի քանի փողոցներում խցանվել են ջրատար խողովակները, ինչի պատճառով ճանապարհները հեղեղվել են: Տեղում աշխատում են  համապատասխան ծառայությունները: