Իսպանական Գրան Կանարիա կղզում ուժեղ հրդեհը, որը սկսվել էր օգոստոսի 17-ին, 12 հազար հա անտառ է ոչնչացրել, հաղորդում է 24 Horas հեռուստաալիքը:

Մինչ այդ Կանարյան կղզիների ղեկավար Անխել Վիկտոր Տոռեսի խոսքով՝  հրդեհի տարածման տեմպերը նվազում են:

«Լավ լուրեր Գրան Կանարիայի հրդեհի մասին,- գրել է նա Twitter-ում,-գիշերը շրջաններ այցելելուց հետո տեխնիկները հաղորդում են, որ հրդեհը մեղմացել է... եւ կորցնում է ուժը»:

Ավելի վաղ հրդեհի պատճառով 9 հազար մարդ տարհանվել էր:

Հրդեհը, որը դեռ չի հաջողվել վերահսկողության տակ առնել, սկսվել է Վալեսեկո բնակավայրի մոտ: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ որոշ ճանապարհներ դեռ փակ են:

 Տարերքի դեմ պայքարում ներգրավված են հարյուրավոր մարդիկ, ինչպես նաև ավիատեխնիկա: Մինչ օրս հրդեհից տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել:

Այս հիդեհը Իսպանիայում վերջին 6 տարում ամենախոշորն է: