«Մալաթիա մոլ»-ում հրդեհի բռնկման դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 26–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՆ մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանը։

«Արտակարգ իրավիճակների նախարարության հակահրդեհային վարչությունում նյութեր են նախապատրաստվում, որոնք կուղարկվեն Դատախազություն»,– ասաց Զարգարյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 24-ին, ժամը 15:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլի» շենքում հրդեհ է բռնկվել, կան 7 տուժածներ, որոնք հոսպիտալացվելուց հետո դուրս են գրվել: Հրդեհաշիջմանը մասնակցել է 22 մեքենա: Կրակը վերջնականապես հնարավոր է եղել մարել մոտ մեկ օր անց։ Հրդեհի բռնկման աղբյուրն ու վնասի չափը դեռեւս ճշտվում են։