Իտալացի իրավապահները փնտրում են Լեհաստանի քաղաքացու, որը կիրակի փախել է նեապոլյան բանտից իրար կապված սավաններով, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Անցած տարվա դեկտեմբերին Ուկրաինայի քաղաքացու սպանությունից հետո բանտում գտնվող 32-ամյա հանցագործի լուսանկարը տարածել է Նեապոլի ոստիկանական վարչությունը։ Փախստականը համարվում է «շատ վտանգավոր», կոչ է արվում նրան տեսնելուն պես անմիջապես տեղեկացնել ոստիկանական ծառայությանը։

Ռոբերտ Լիսովսկին ուկրաինացուն սպանել է կնոջ պատճառով վեճից հետո։ Ուկրաինացին փորձել էր պաշտպանել ծանոթ կնոջը, որի հանդեպ ալկոհոլը չարաշահող լեհն անտարբեր չէր։

Իտալական ԶԼՄ-ների տվյալներով՝ Լիսովսկին կարողացել է իրականացնել բանտի պատմության 100 տարվա մեջ առաջին փախուստը։ Դեպքի վայրի լուսանկարներից երեւում են բանտի աղյուսե պատն ու մոտ հինգ մետր բարձրությունից կախված սպիտակ ճոպանը, որը, դատելով հանգույցներից, սավաններից է կազմված։ Պարզ չէ, թե ինչպես է լեհին հաջողվել բարձրանալ պատն ի վեր. ենթադրվում է, որ այդ հարցում նրան օգնել են բանտակիցները. փախուստի մասին իմացել են նրա ընկերները Հյուսիսային Աֆրիկայից եւ Արեւելյան Եվրոպայից։