Ամուսնական զույգը Ալաբամայից, որը չի վստահում բժիշկներին, սովամահ է արել 3 տարեկան որդուն եւ մահվան շեմին հասցրել նրա ավագ եղբորը, տեղեկացնում է AP-ը։

Էշլի Քաթրոնին եւ Ֆրեդերիկա Ֆրինկին մեղադրանք է առաջադրվել ծանրացուցիչ հանգամանքներում երեխաների հետ դաժան վերաբերմունքի համար։

Դատախազ Թիմ Դաուիթը հայտարարել է, որ նրանց որդին՝ 3 տարեկան Հենդրիքս Ֆրինկը, մահացել է սովից։ Նա ընդամենը 6 կիլոգրամ է եղել, նրա չորս տարեկան եղբայրը, որի քաշը 7 կիլոգրամ էր, ողջ է մնացել։

Հուլիսի 23-ին սպաները կանչվել են այդ ընտանիքի տուն Հանթսվիլում։ Տնից մեզի հոտ էր գալիս։ Տղաների մահճակալները լիքն էին արյունով, մեզով եւ կղանքով։

Հյուծված երեխաներին ուղարկել են հիվանդանոց, որտեղ Հենդրիքսին մահացած են ճանաչել։

Ոստիկանությունում ասում են, որ ծնողներն իշխանություններին տեղեկացրել են, թե փորձել են իրենց որդիներին կերակրել PediaSure-ի օգնությամբ, որը համարվում է սննդարար կոկտեյլ եւ օգնում է քաշ հավաքել երեխաներին։