Լիբանանն ընդգծել է երկիրը ցանկացած միջոցով պաշտպանելու իր իրավունքը Բեյրութում իսրայելական անդօաչուների ընկնելուց հետո, տեղեկացնում է AFP-ն։
Լիբանանի պաշտպանության բարձրագույն խորհուրդը հաստատել է լիբանանցիների՝ իրենց ցանկացած միջոցով ցանկացած ագրեսիայից պաշտպանելու իրավունքը, ասվում է խորհրդի հայտարարությունում։
Ավելի վաղ նախագահ Միշել Աունն ասել էր, որ այդ հարձակումը նման է «պատերազմ հայտարարելուն»։ «Հիզբալլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալան հայտարարել է պատասխան հարվածի մասին։
Վարչապետ Սաադ ալ Հարիրին ասել է, որ հարձակումը սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանային կայունության համար։ Իսրայելը գրոհն օգտագործել է, որի պատասխանատվությունը հրեական պետությունը չի ստանձնել, «որպեսզի փոխեն մասնակցության կանոնները», ասել է նա։
Օգոստոսի 25-ի գիշերը Բեյրութի հարավում նկատվել են իսրայելական երկու անօդաչու սարքեր։ Դրանցից մեկն ընկել եւ հայտնաբերվել էր Մուավադ շրջանում, «Հիզբալլահի» տեղեկատվական կենտրոնի մոտ։ Մյուսը պայթել է օդում, դրա անկումը հրդեհ է առաջացրել շենքում։ «Հիզբալլահի» ներկայացուցիչն ասել է, որ զինված միլիցիայի մարտիկներն անօդաչու սարքերը չեն խփել։





























