Բնապահպան Կարինե Դանիելյանն օրերս հանդիպել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ եւ բարձրաձայնել է մի շարք խնդիրների, այդ թվում՝ Նուբարաշենի աղբավայրի, քաղաքաշինության ահագնացող չափերի, մայրաքաղաքի մթնոլորտի աղտոտվածության եւ մի շարք այլ հարցեր։  Այս մասին նա պատմեց մարտի 29-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ինչ վերաբերում է Նուբարաշենի աղբավայրի խնդրին, ապա քաղաքապետի եւ մեր՝ Հանրային խորհրդի անդամների հանդիպման ժամանակ տեղեկացրեցի, որ աղբավայրը վտանգ է ներկայացնում ոչ միայն Արարատյան դաշտի գյուղերի, այլ նաեւ Երեւանի համար։ Ճիշտ է, միջազգային կառույցները որոշակի ուսումնասիրություններ են կատարում, սակայն եզրակացություններն ուշանում են։ Իհարկե, հարցի օպերատիվ լուծումն աղբավայրի իզոլացումն է, սակայն հիմնավոր լուծումը տարածքից թույների վերջնական դուրսբերումն է»,- ասաց բնապահպանը։

Անդրադառնալով Երեւանում իրականացվող ոչ կանոնակարգված կառուցապատման թեմային՝ Կարինե Դանիելյանը նշեց, որ Կարեն Կարապետյանին ասել է, թե վերջին 10 տարիների ընթացքում Երեւանում իրականացվող շինարարությունը հակասոցիալական է եւ հակաէկոլոգիական։ «Իսկապես, ես նշեցի, որ Երեւանում բացառապես բիզնես շահեր հետապնդող, կոմերցիոն շինարարություն է իրականացվում, իսկ քաղաքապետն իր հերթին խոստացավ, որ մայրաքաղաքի կանաչապատ տարածքներն այլեւս չեն վերացվելու եւ Կենտրոնում շինարարություն չի ծավալվելու։ Նա խոստացավ նաեւ լուծել ներքաղաքային տրանսպորտի հարցը՝ միկրոավտոբուսները փոխարինել առավել տարողունակ փոխադրամիջոցներով»,- տեղեկացրեց Հանրային խորհրդի անդամը։

Վերջում նա ավելացրեց, որ Հայաստանի բնապահպանները պատրաստակամ են անվճար հիմունքներով օգնել քաղաքապետարանին՝ Երեւանը փրկել էկոլոգիական աղետից։