Հայաստանի կառավարությունն այսօր հաստատել է 2010 թվականի պետական բյուջեի նախագիծը, ըստ որի բյուջեի եկամուտները կազմելու են 676,6 միլիարդ դրամ (մոտ 1,8 միլիարդ դոլար), ծախսերը` 859,6 միլիարդ դրամ (մոտ 2,2 միլիարդ դոլար) եւ դեֆիցիտը` 183 միլիարդ դրամ (481 միլիոն դոլար): Ըստ այդմ, 2009 թվականին ՀՀ տնտեսությունը գրանցելու է 1,3 տոկոս աճ:
«2010-ին մենք կանխատեսում ենք ՀՆԱ աճ 1,3 տոկոսի սահմանում եւ դա, հիշեցնեմ, 2009 թվականի կտրուկ անկման պայմաններում»,- ասել է ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը կառավարության արտահերթ նիստում:
Ըստ Տ. Դավթյանի, ՀՆԱ ծավալը 2010-ին կազմելու է 3 տրիլիոն 214 միլիարդ դրամ: Նա կարծիք է հայտնել, որ նախատեսված ցուցանիշները մոտ են իրականությանը, սակայն իրենց նախարարությունը կարծում է, որ սրանք նվազագույն կանխատեսումներն են եւ չի բացառել, որ մեծ ակտիվության դեպքում, տնտեսական աճի տեմբերը կարող են ավելի բարձր լինել: Կանխատեսվում է, որ գնաճը կլինի 2 տոկոսի սահմանում:
«Մենք պետք է իրատես լինենք եւ պետք է հասկանանք, որ 2010 թվականին մեզ սպասում է լարված բյուջետային գործընթաց: Մենք շարունակելու ենք աշխատել տնտեսման ռեժիմով, քանի որ անհրաժեշտ է ունենալ իսկապես հավասարակշռված բյուջե»,- այսօր կառավարության արտահերթ նիստում ասել է ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Նրա խոսքով, 2010 թվականին կավելանա նաեւ բյուջեի բեռը, քանի որ եթե այս տարի բյուջեի ծախսերը հնարավոր կլինի կատարել դրսից ստացված միջոցների հաշվին, ապա ապագայում այդ հնարավորությունները սահմանափակ են լինելու:
Հիշեցնենք, որ միայն այս տարվա ընթացքում Հայաստանի պետական պարտքը մեծացել է մոտ 2 միլիարդ դոլարով: Այդ թվում 500 միլիոն դոլար Հայաստանն ստացել է Ռուսաստանից, եւս 500 միլիոն դոլար Համաշխարհային բանկից, 822 միլիոն դոլար` Արժութի միջազգային հիմնադրամից: «Բայց սա չի նշանակում, որ մենք չպետք է զարգացնենք ու խթանենք տնտեսությունը, եւ մեր միջոցներն ու ջանքերը կուղղենք երկրի զարգացմանը»,- վստահեցրել է նախարարը:




























