Անգլիայի մայրաքաղաքում Լիբիայի իրավիճակի վերաբերյալ միջազգային կոնֆերանսին մասնակցող Թուրքիայի ԱԳ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն հաստատել է մամուլում շրջանառվող այն լուրերը, թե Թուրքիայում ծնված  եւ ներկայումս ԱՄՆ-ում աշխատող հայազգի հայտնի տնտեսագետ Տարոն Աջեմօղլուին նշանակելու են Փարիզի OECD-ում  Թուրքիայի դեսպան:

Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ` Դավութօղլուն հայտարարել է, թե իրենք ամիսներ առաջ առաջարկել են տարոն Աջեմօղլուին Փարիզի OECD-ի (Տնտեսական զարգացման եւ համագործակցության կազմակերպություն) մշտական ներկայացուցչությունում Թուրքիայի դեսպանի պաշտոնը:

«Պարոն Աջեմօղլուն մեր առաջարկից մեծ ոգեւորություն էր ապրել, սակայն այս պահին նա գիտական աշխատանք է կատարում: Նա նշել է, որ որոշ ժամանակ անց այդ պարտականության ստանձնումն իր համար մեծ պատիվ կլինի։ OECD-ը մեծ կարեւորություն ունեցող տնտեսական կառույց է, իսկ Տարոն Աջեմօղլուն աշխարհի ամենահայտնի տնտեսագետներից մեկն է:  Այս հարցում ես խոսել եմ Թուրքիայի նախագահի եւ վարչապետի հետ: Վարչապետն այս լուրի կապակցությամբ շուտով հայտարարությամբ հանդես կգա»,-նշել է Ահմեդ Դավութօղլուն:

Նշենք, որ Տարոն Աջեմօղլուն ծնվել է 1967-ին, Ստամբուլում։ 1986-ին ավարտել է Գալաթասարայի ավագ դպրոցը։ Այնուհետ, ավարտել Լոնդոնի «Յորք»  համալսարանը եւ դոկտորական պաշտպանել Լոնդոնի Տնտեսագիտության դպրոցում։  1993-ին համալրել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մասնագետների շարքը՝ 2000-ին ստանալով պրոֆեսորի կոչում։

Տարոն Աջեմօղլուն,  IDEAS/RePec տնտեսագիտական վերլուծական կազմակերպության կողմից հրապարակված տվյալների համաձայն,  աշխարհում ամենաշատ վկայակոչվող 20 տնտեսագետների մեջ է մտնում՝ զբաղեցնելով 8-րդ տեղը, երբ Նոբելյան մրցանակի դափնեկիր պրոֆ. Փոլ Կրուգմանը այդ ցուցակում 13-րդ տեղն է։