Ադրբեջանից փախստական հայերի մեծ մասը լսել չի ցականում ԼՂՀ եւ անվտանգության գոտու տարածք տեղափոխվելու մասին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:

«Դա հասկանալի է, քանի որ մարդկանց ցանկանում են հարկադրել: Նրանց ասում են. «Արագ գնացեք Ղարաբաղ, ազատագրված տարածքներ, ապրեք այնտեղ, թող այդ շրջանը բարգավաճի ձեր ջանքերով, ձեր արյամբ»: Այդպես չի լինում: Թող գնան նրանք, ովքեր մյուսներին բռնի փորձում են ուղարկել»,- նկատել է Մելիքյանը: Նրա կարծիքով` այլ մոտեցում է պետք հարցի լուծման համար:

«Ի վերջո, մարդիկ հազիվ մահից են փրկվել: Ակնհայտ է, որ ազատագրված տարածքները, Լեռնային Ղարաբաղը աշխարհի ամենաանվտանգ անկյունը չեն: Այսինքն, փրկվելով մի անգամ` երկրորդ անգամ վիշապի երախը ոչ ոք չի ցանկանա մտնել»,- ասել է նախկին նախարարը:

Նրա խոսքով, մարդկանց ԼՂՀ եւ ազատագրված տարածքներ հրապուրելու համար պետք է պայմաններ ստեղծել, որ մարդիկ իմանան, թե Արցախի պետությունը պատրաստ է իր ուժերի չափով օգնել նրանց:

Նա նշել է, որ անհրաժեշտ է համապատասխան ծրագիր. «Չկա քաղաքական կամք: Խոսել, շաղակրատել, կուրծք ծեծել, խնդրեմ, բարձր մակարդակով կան կատարողներ: Բայց ոչ ոք չի ուզում զբաղվել Արցախի բնակչությունը ավելացնելուն միտված ծրագրի իրականացմամբ»:

Ըստ Մելիքյանի` ծրագիրը կա, բայց պահանջարկված չէ: «Հավանաբար, կգա եւ դրա իրականացման ժամանակը: Բայց այդ օրը դեռ չի եկել, եւ դա ափսոսանք է հարուցում, քանի որ մարդիկ ավելի են հեռանում իրենց արմատներից եւ ավելի քիչ են ուզում լսել Արցախի եւ Հայաստանի մասին: Անգամ գալով այստեղ` փախստականների մեծ մասը հետո հեռացավ: Եւ դա շնորհիվ մեր կառավարության, միգրացիայի վարչության հետեւողական ջանքերի: Այդ գերատեսչություններում աշխատող  բոլոր պաշտոնյաները անձնապես պատասխանատու են այն բանի համար, որ փախստականները Հայաստանից հեռանում են բացասական վերաբերմունքով»,- ասել է Մելիքյանը: