Հայաստանում ճապոնական «Ֆուկուսիմա-1» ատամակայանից արտանետված ռադիոկտիվ յոդի առկայություն արձանագրված չէ: Այս մասին
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի ճառագայթային անվտանգության բաժնի պետ Աիդա Ավետիսյան: Նա նշեց, որ Հայաստանում համապատասխան լաբորատորիաներն արդեն սկսել են չափումներ կատարել յոդի հնարավոր քանակության չափման նպատակով:
«Չափումները ցույց են տալիս, որ այս պահի դրությամբ 137 ռադիոիզոտոպներ, որոնք միաժամանակ են արտանետվում «Ֆուկոսիմա-1»-ից, այս պահի դրությամբ ՀՀ տարածքում, մասնավորապես մթնոլորտում եւ տեղումներում արձանագրված չեն: Չափումները կատարվում են ՀՀ ատոմակայանի արտաքին չափումների լաբորատորիայում»,-ասաց Ավետիսյանը:
Հարցին, թե հավանակա՞ն է, որ որոշ ժամանակ անց ռադիոկտիվ յոդ Հայաստանում այնուամենայնիվ հայտնաբերվի, Ճառագայթային անվտանգության բաժնի պետը նշեց, որ նման հավանականությունը կախված է մետեորոլոգիական պայմաններից: «Հավանականությունը կախված է նաեւ նրանից, թե ինչպես տեխնոլոգիական պրոցեսները կընթանան «Ֆուկուսիմա-1»-ում եւ ինչ ընթացք կստանան արտանետումները»,-ասաց NEWS.am-ի զրուցակիցը:
Ինչ վերաբերում է ռադիոակտիվ յոդի ազդեցությանը շրջակա միջավայրի եւ մասնավորապես` մարդու օրգանիզմի վրա, ապա, Ավետիսյանի խոսքով, ռադիոկտիվ յոդը հիմնականում կուտակվում է մարդու վահանաձեւ գեղձում: Այն հատկապես վտանգավոր է երեխաների համար: «Քանի որ այս պահին այդ նյութի առկայություն Հայաստանում գրանցված չէ, մտահոգվելու կարիք չկա: Եթե հանկարծ որեւէ գրանցում էլ լինի, մեր կարծիքով, այդ քանակությունները չեն լինի այնքան մեծ, որ մտավախություն առաջացնեն: Դրանք կլինեն շատ փոքր քանակություններ, որոնք երբեւիցե չեն կարող վտանգավոր իրավիճակ ստեղծել մեր հանրության համար»,-վստահեցրեց մասնագետը:
Նշենք, որ Ռադիոկտիվ յոդի կուտակումը վահանաձեւ գեղձում կարող է բերել այդ օրգանի դիսֆուկցիային, ընդհուպ` քայքայմանը եւ նորագոյացություններ եւ ուռուցքներ առաջացնել:
Ճապոնական վթարված «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի մերձակա ծովային ջրերում ռադիոակտիվ յոդի կենտրոնացումը գերազանցում է սահմանված նորման 147 անգամ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ատոմակայանի ափամերձ շրջանից 100 մետր հեռավորության վրա վերցված ծովային ջրի փորձանմուշներում ռադիոակտիվ նյութեր են հայտնաբերվել: Ռադիոակտիվ յոդի կենտրոնացումը գերազանցում էր 29,8 անգամ:
Ավերիչ երկրաշարժը Ճապոնիայում տեղի է ունեցել մարտի 11-ին:





























