Ռուսաստանյան ոստիկանությունը ձերբակալել է Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում չարտոնված բողոքի ակցիայի մասնակցել պատրաստվող մոտ 150 մարդու, այդ թվում` ընդդիմադիր երկու հայտնի գործիչների:

Մոսկվայում ոստիկանները ձերբակալել են 54 մարդու, գրում է Mignews-ը: Ձերբակալվածների թվում է եղել նաեւ «Ուրիշ Ռուսաստան» շարժման առաջնորդ Էդուարդ Լիմոնովը, ում հաճախ են ձերբակալում` չարտոնված բողոքի ակցիաների մասնակցելու համար:

Իսկ ընդդիմադիր «Համերաշխություն» շարժման համանախագահ Բորիս Նեմցովը, ով ձերբակալվել էր  ավելի վաղ Պետերբուրգում ավանդական «Ռազմավարություն-31»  ակցիայի շրջանակում, ազատ է արձակվել: Նրա նկատմամբ դատավարությունը կկայանա Մոսկվայում:

«Ինձ մեղադրում էին իրավապահ մարմիններին չհնազանդվելու մեջ: Երբ տարան դատարան, ես միջնոդեցի, որ գործս լսվի Մոսկվայում, քանի որ բնակվում եւ աշխատում եմ այնտեղ: Միջնորդությունս բավարարվեց եւ ես ազատ արձակվեցի», - ասել է նա` նշելով, որ ոչ մի անհնազանդություն էլ չի եղել: